Վերաքննիչը քննում է Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու հարցը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: Վերաքննիչը քննում է կալանքը գրավով փոխելու հարցը։

Դատական նիստին Գրիգորյանը չի մասնակցում, քանի որ, ինչպես պաշտպանները հայտնեցին, նրա առողջական վիճակը չի ներում, չնայած Գրիգորյանն էլ է շահագրգռված մասնակցելու դրանց։

Պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մատիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։ 

Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավ՝  չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Նշենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նախատեսված է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը, որին սակայն Գրիգորյանը ամենայն հավանականությամբ չի մասնակցի։ Բժիշկների պնդմամբ՝ նա ի վիճակի չէ դուրս գալ հիվանդանոցից և ներկայանալ դատարան։