Վարչապետի առաջարկությամբ Տիրան Խաչատրյանն ազատվել է Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից

Վարչապետի առաջարկությամբ Տիրան Խաչատրյանն ազատվել է Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», — ասված է հրամանագրում։

Հիշեցնենք՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ լրատվականներից մեկն այսօր դիմել էր Տիրան Խաչատրյանին։

Ըստ հրապարակման՝ նա երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել:

Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։