Վարչապետը հրաժարական կտա, բայց կպահի իշխանությունը՝ անվերապահորեն վստահելով ուժայիններին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ հրաժարական կտա մինչև հոկտեմբերի 16-ը, և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի առաջին կեսին։

Որքան էլ քաղաքական ուժերը վստահեցնում են, նույնիսկ հուշագրեր ստորագրում, որ այդ ընթացքում թեկնածու չեն առաջադրի՝ քաղաքագետները շարունակում են մտահոգություններ ու ռիսկեր տեսնել։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ օրենքի իմաստով վարչապետը հրաժարական կտա, բայց կշարունակի պահել իշխանությունը. «Հավանաբար՝ անվերապահորեն վստահելով ուժային կառույցներին։ Բայց ամեն դեպքում ռիսկը մնում է։ Իմ կարծիքով՝ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամեն հնարավոր իրադարձության, եթե ժողովուրդը պատրաստ եղավ՝ որևէ վտանգ չեմ տեսնում»։

Միևնույն ժամանակ Շիրինյանն ասաց, որ չի կարծում, թե որևէ ուժ թեկնածու առաջադրի. «Նրանք հիմա սողում են, հանձնվել են»։

Մտահոգիչ է նաև այն փաստը, որ երկու ամիս է մնացել ընտրություններին, իսկ քաղաքական դաշտը դրան պատրաստ չէ, ավելին՝ ձևավորված չէ։ Հայտնի չէ, թե որ ուժն ինչ գաղափարախոսությամբ է հանդես գալու, և դեռ հստակ չէ արդյոք այս անգամ հնարավոր կլինի առաջնորդվել և ընտրել ըստ քաղաքական ուժերի գաղափարների։

Լևոն Շիրինյանն ընդգծում է՝ ընտրություններին այս պահին երևի թե պատրաստ է միայն «Քաղաքացիական պայմանագիր« կուսակցությունը. «Ես համարում եմ, որ քաղաքական դաշտ չկա, նախկին կոալիցիան քայքայված է, իսկ մնացած քաղաքական ուժերը ամբողջությամբ ձևավորված չեն։

Չգիտեմ՝ ՔՊ-ից բացի, որևէ ուժ պատրա՞ստ է առհասարակ, թե՞ ոչ»։

Աղբյուր՝ 1in.am