Վանեցյանը հերքում է իր մոր՝ Ռոբերտ Քոչարյանի որդու հեռախոսային բիզնեսում բաժնետեր լինելը

Վանեցյանը հերքում է իր մոր՝ Ռոբերտ Քոչարյանի որդու հեռախոսային բիզնեսում բաժնետեր լինելը։ «Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իր մայրը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հեռախոսային բիզնեսում բաժնետեր է եղել:

Նրա խոսքով՝ իր մայրն արդեն հերքում է պահանջել այն լրատվամիջոցներից, որոնք նման հրապարակումներ են տարածել:

Անդրադառնալով այն լուրերին, թե ինքը գաղտնի պայմանավորվածություն է ունեցել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, որ եթե Խաչատրյանը վերականգնում է պետությանը պատճառված վնասը, ազատ է արձակվում, և որ Խաչատրյանը կատարել է պայմանավորվածության իր մասը՝ վճարելով գումարը և սպասել է իր ազատ արձակմանը, սակայն Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ Վանեցյանն էլ կատարի իր մասը.

«Դա էլ է ուղղակի ծիծաղելի, որովհետև Գագիկ Խաչատրյանն այսօր բանտում նստած է ու հարուցված է քրեական գործ:

ԱՄՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նոր Հայաստանի որպես ամենամեծ ձեռքբերում հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարը ու թվարկեց մարդկանց, որոնց հանդեպ հարուցված են քրեական գործեր, որոնք վերականգնել են պետությունից գողացված գումարներ, որոնց մի մասն այս պահին կալանավայրում են, գտնվում են դատաքննության փուլում, այդ բոլոր թվարկված մարդիկ ձերբակալվել են ու քրեական հետապնդման են ենթարկվել, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն»,-արձագանքեց Վանեցյանը:

Դիտարկմանը, թե նրա հեռանալուց հետո քրեական գործեր հարուցվեցին նախկին ոստիկանապետի, ՊԵԿ նախկին նախագահի, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից մեկի տնօրենի, ՊՆ նախկին նախարարի ու մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ, պարոն Վանեցյանը պատասխանեց.

«Բո-լո-րը, բոլոր նրանց ում անունները տվեց, այդ որ հիմա ասում է սկանդալային բացահայտումներ են լինելու… Բեգլարյանի, դրանք իմ օրոք հարուցված քրեական գործերով է, իմ օրոք օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներ են, մի օրում քրեական գործ չի հարուցվում ու մեղադրանք չի առաջադրվում, թող վերցնեն բոլոր քրեական գործերը եւ նայեն, թե ով է դա արել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում