Սպանություն Վանաձորում. սեփական տան բակում հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դի

Սպանություն Վանաձորում. սեփական տան բակում հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել են պարանոցը կտրած կնոջ դի։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկին ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։  Դեպքի փաստով Ս. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար Ա. Գալստյանի կողմից սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 34-ամյա Ցոլինե Մ-ն էր։  Օպերատիվորեն ժամանել են նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են կնոջ մահը, որից հետո օպերատիվորեն ժամանել է նաև դիատար բրիգադը, ովքեր դին տեղափոխեցին դիահերձարան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին.

«Առավոտ շուտ ոստիկանական մի քանի մեքենաներ էկան մեր փողոց, կանգնեցին Օնիկի տան մոտ, մեկ էլ էն տեսնենք, որ ոստիկանները մտան տուն ու որոշ ժամանակ անց Օնիկին տարան։

Լսել ենք նաև, որ ոստիկաններն ու քննիչները խոհանոցային դանակ են գտել, որի վրա կա արյուն։ Երևի, տաք հետքերով ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ցոլինեին սպանողին, ու դա նրա ամուսինն է։

Թե ինչն է եղել պատճառը, չգիտենք, դա ոստիկաններն ու քննիչները երևի կպարզեն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալը Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Օնիկ Մ-ն է, ով տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։