«Սուրմալու»-ի պայթյունի գործով 4 անձ ձերբակալվել է

«Սուրմալու»-ի պայթյունի գործով 4 անձ ձերբակալվել է

Bavnews.am-ը տեղեկացավ, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվածները «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ փոխտնօրենը եւ պահեստը շահագործող անձինք են։

Պահեստը շահագործող անձանցից մեկը վարձակալ է։

ՓԲԸ փոխտնօրենին եւ վարձակալին մեղադրանքը առաջադրվել է ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք), իսկ պահեստը շահագործող անձանց՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Ուսումնասիրության արդյունքում քրեական վարութի նյութերում առկա, անձանց կողմից հանցանքի կատարման մասին վկայող փաստերի հիման վրա 25.08.2022թ. քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել երկու անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով( Հոդված 357.Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք` ) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Որոշումներն ուղարկվել են քննիչին և հանձնարարություն է տրվել օրենքով սահմնանված ժամկետում նշված անձանց մեղադրանք ներկայացնել և կալանավորումը որպես խափանման  միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Բացի այդ, քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ առկա փաստերը վկայում են ևս երկու անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով (Հոդված 165. Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին, ուստի քննիչին հանձնարարվել է քրեական վարույթ նախաձեռնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով և ձեռնմուխ լինել դրանում մեղավոր անձանց քրեական հետապնդում հարուցելուն ուղղված վարույթային գործողություններ կատարելուն:

Նույն օրը քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ են ներկայացվել դատախազին, որոնք բավարարվել են:

Արդեն 26.08.2022թ. չորս անձ ձերբակալվել է՝ երկուսը ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ   հոդվածի 2-րդ մասով, երկուսը՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական վարույթի նախաքննության մանրամասների վերաբերյալ  կտրվի  լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: