«Սա թավշապետի ձեռագիրն է՝ պատժելու փոխարեն պարգևատրել»․ Թամար Հովհաննիսյան

«Սա թավշապետի ձեռագիրն է՝ պատժելու փոխարեն պարգևատրել»։ Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հանգստացեք հայրենակիցներ: Ընտրելու խնդիր չկա: Յոթ հոգու գործից հանելու համար հանրաքվե չեն անում ու նրանց հեղինակած Սահմանադրությունն ուժի մեջ թողնում, ընդունված արտահայտությամբ ասեմ՝ կոստյումը հագնում ու ասում, թե՝ դերձակին հանեք գործից, ժողովուրդ:

Բոյկոտելու բան էլ չկա, քանի որ մինչև փետրվարի 27-ը հնարավոր է, որ այդ յոթ հոգին օգտվեն ընձեռնված հնարավորությունից ու, իրենց ներկա աշխատավարձի չափով թոշակ ստանալով, առոք-փառոք գնան հանգիստ շարունակելու իրենց մեղսալից կյանքերը:

Սա, կարծես, թավշապետի ձեռագիրն է ամեն հարցում՝ պատժելու փոխարեն պարգևատրել: Է՜, սրանք որ գնացին թոշակի, էլ ինչ հանրաքվե, ինքնիրեն cancel կլինի:

Կմնա էս խեղճ ժողովրդի ապրումներն ու ղալմաղալը: Մի՞թե մարդկանց գործից ազատելու համար հանրաքվե են անում: Եթե թավշապետը մի անգամ ևս ուզում է ճշտել, թե որքան է իրեն սիրողների թիվը, դա ուրիշ հարց, իրավունք ունի:

Չէ՞ որ կյանքի առանցքը սերն է, բայց թող էդպես դնեն անունը` «Սիրո և հանդուրժողականության հանրաքվե». այո՛, եթե համաձայն եք մեզ սիրել ու հանդուրժել, ինչ էլ անելու լինենք և ո՛չ, եթե ուղեղ ունեք և օգտվում եք ձեր մտածելու և խոսելու իրավունքից»: