Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումն ավարտվեց. ինչ են քննարկել

Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումն ավարտվեց. ինչ են քննարկել

Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը:

ԱԳՆ-ից Bavnews.am-ին հայտնում են, որ հայ և թուրք բանագնացները վերահաստատել են այս գործընթացի միջոցով երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը:

«Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների», — ասված է հաղորդագրության մեջ։

Այսօրվա հանդիպումը արդեն երրորդն է հայ-թուրքական հարաբերությունների հարցով հատուկ բանագնացների նշանակումից ի վեր: Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին Վիեննայում: Երկու հանդիպումների արդյունքում բանագնացները պայմանավորվել էին շարունակել գործընթացը՝ առանց նախապայմանների:

Ու չնայած թուրքական կողմը պնդում է, թե եկել է բանակցությունները Երևան ու Անկարա տեղափոխելու ժամանակը, այս հանդիպումը ևս, հայկական կողմի առաջարկով երրորդ երկրում կայացավ: