Պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի. Փաշինյան

Պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի. Փաշինյան

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է գրանցում, բայց պատվաստումները նպաստել են, որ չունենանք մահացության նման մեծ աճ։

Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ինչպես և սպասվում ու կանխատեսվում էր, քովիդի համավարակի հերթական ալիքն է մոտենում Հայաստանին: 4-5 օր անընդմեջ ամենօրյա էական տոկոսային աճ ենք ունենում:

Երեկվա համեմատ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է, սա նշանակում է, որ «Օմիկրոն» տեսակի շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, հետևաբար մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի»:

Նա նշեց, թե կորոնավիրուսի հետ կապված կառավարության իրականացրած սահմանափակումները քննադատությունները որևէ հիմք չունեն. «Ես կոչ եմ անում վերադառնալ 2020 թվական եւ հետեւել մեր եւ այլ համեմատվող երկրներում հիվանդության դինամիկային:

Հիմա էլ ասում են՝ բիզնեսն այդքան տուժել է, նորից սահմանափակումներ եք մտցնում, որ միայն պատվաստված անձինք կարող են ռեստորան գնալ: Ի՞նչ եք ուզում էդ մարդկանից: Մենք առաջիններից ենք, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից:

Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բոլոր այդ բիզնեսները մեկ ամսով իսպառ փակվեն եւ վերականգնվելու որեւէ հնարավորություն չունենան:

Տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն ուժի մեջ մտած սահմանափակումների իրականացմանը: Ընդ որում, դրա պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները, ոչ թե քաղաքացիները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից, քանի որ հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք գնալ լոքդաունի»,-հայտարարեց վարչապետը: