«Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված սպանության առնչությամբ՝ Գագիկ Ծառուկյանի որդին ունի վկայի կարգավիճակ

«Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված սպանության առնչությամբ՝ Գագիկ Ծառուկյանի որդին ունի վկայի կարգավիճակ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանն ունի վկայի դատավարական կարգավիճակ:

Այս մասին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Նշենք, որ այդ գործի շրջանակում է Նվեր Ծառուկյանը կանչվել հարցաքննության, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ։

Նշենք, որ Նվեր Ծառուկյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին է։

Հիշեցնենք, որ նշված քրեական գործից անջատված թվով 7 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին. գործը դատարանում է։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 22 անձ, որոնցից 7 անձի վերաբերյալ մասն անջատվել է հիմնական գործից և ուղարկվել դատարան։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։

Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը: