Մամուլ

Պարեկների շնորհիվ հնարավոր է եղել հղի կնոջը արագ տեղափոխել հիվանդանոց

Պարեկների շնորհիվ հնարավոր է եղել հղի կնոջը արագ տեղափոխել հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական անգամ իրենց գործողություններով ապացուցել են, որ  ուրիշի ցավ չկա ու պատրաստ են միշտ օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցող քաղաքացիներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 10-ին՝ գիշերը ժամը 22:00-ից  22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Գուրգեն Գալստյանն ու պարեկ Գոհար Արզումանյանը Թբիլիսյան խճուղում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը սահմանված արագությունը գերազանցելով է վարում ավտոմեքենան:

Պարեկները կանգնեցնում են վարորդին, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեն, սակայն վարորդը, ով երիտասարդ տղա է, նրանց հայտնում է, որ հղի կնոջ մոտ ուժեղ ցավեր են սկսել և դրա համար էլ ինքը այլ ելք չունենալով, կնոջը տեղափոխում է հիվանդանոց:

Պարեկները այդ մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին, ում հանձնարարականով էլ պարեկները մինչև «Նաիրի» բժշկական կենտրոն  ուղեկցում են Kia-ի վարորդին: Արդեն հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ պարեկները ամուսնուն և նրա հղի կնոջը ուղեկցում են բժշկի մոտ:

Այս մասին Shamshyan.com-ին տեղեկացրել է հղի կնոջ ազգականը, ում արդեն հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ կնոջ կյանքին ու պտղին վտանգ չի սպառնում, նրանք արդեն բժիշկների հսկողության տակ են, շնորհիվ, որ ամուսնինը շուտ է տեղափոխել հիվանդանոց:

Իսկ ամուսնուն այդ հարցում ընդառաջել և օգնել են Երևանի գնդի պարեկները:

Կիսվել էջում