Պատրաստ եմ ծնկի իջնել ու աղաչել Հայաստանին ու Ադրբեջանին. Կադիրովը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Պատրաստ եմ ծնկի իջնել ու աղաչել Հայաստանին ու Ադրբեջանին. Կադիրովը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Analitik.am-ը գրում է․ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերին ծավալվող իրադարձություններին՝ նշելով, որ չեչեն ժողովուրդը, ինչպես ոչ ոք, լավ գիտի խաղաղության գինը, գիտի նաև ցավը, որը բերում է պատերազմը.

«Մենք մեր անձնական փորձից գիտենք, որ պետք է կանխել պատերազմը, անել ամեն ինչ խաղաղ որոշման համար»:

«Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար եղբայրական պետություններ են: Այն ողբերգական իրադարձությունները, որոնք այնտեղ ծավալվում են, վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավալի են Կովկասի, ԱՊՀ երկրների համար»,-գրել է նա:

«Ես Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներին, բոլոր դաշնակից պետություններին կոչ եմ անում ձեռնարկել միջոցներ այս հակամարտությունը կանխելու համար: Կոչ եմ անում, որ իրենց խոսքն ասեն նաև հոգևորականները: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի կողմերը ձեռք մեկնեն ու խաղաղության հասնեն: Աստված չանի, եթե հանկարած մասշտաբային պատերազմ սկսվի, այն ողբերգական հետևանքներ է ունենալու ոչ միայն Կովկասի համար»,-հավելել է նա:

«Մենք հիշում ենք Ղարաբաղի իրադարձությունները, թե որքան մարդկային զոհեր բերեց այդ պատերազմը: Այսօր ևս զոհեր կան, իրավիճակը լարվում է:

Ես միշտ կոչ եմ անում համապատասխան ուշադրություն դարձնել իրավապահ մարմինների ու զինվորականների պատրաստվածությանը: Դա անհրաժեշտություն է ժողովրդի պաշտպանության ու պետության տարածքային ամբողջականության համար: Սակայն դա չի նշանակում, որ այն պետք է օգտագործել բոլոր վեճերի լուծման համար: Լավագույն պատերազմն այն է, որի ընթացքում որևէ զինվոր չի մահանում, չի արձակվում որևէ կրակոց»,-գրել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարի խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրողները պետք է իմանան՝ եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն, կարող է մեծ պատերազմ սկսել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նոր սադրանքներ կսկսվեն, կլինեն մեծ թվով զոհեր, վիրավորներ, փախստականներ, որբեր… Սակայն հաղթողներ չեն լինի:

«Ես ևս մեկ անգամ Հայաստանի, Ադրբեջանի, ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ եմ անում անհապաղ լուծել հարցը: Ես իմ կողմից պատրաստ եմ ծնկ իջնել ու աղաչել ցանկացածին: Այո, ես պատրաստ եմ վերցնել զենք ու պայքարել արդարության համար, խաղաղության համար: Սակայն լավ կլինի, եթե մենք նստենք բանակցային սեղանի շուրջ և թույլ չտանք մասշտաբային ողբերգություն»: