«Պատերազմը խլեց իմ երջանկությունը». Հադրութը Անդրանիկ Մանուկյանի ճակատագիրն էր

«Պատերազմը խլեց իմ երջանկությունը». Հադրութը Անդրանիկ Մանուկյանի ճակատագիրն էր

Hraparak.am-ը գրում է․ Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի կնոջ՝ Աննա Գրիգորյանի համար հիմա ամենադժվար, անլուծելի խնդիրը ապրելն է դարձել՝ առանց սիրելիի, ընտանիքի հոգատար հոր: Բայց երբ նայում է 10 եւ 15-ամյա որդիներին, հասկանում է՝ ապրելն անհրաժեշտություն է:

«Իմ Անդոն յուրահատուկ անձնավորություն էր, պատերազմը խլեց իմ երջանկությունը»,-դողացող ձայնով ասում է Աննան՝ մի քանի նախադասությամբ նկարագրելով այդ երջանկությունը:

«Ամուսնացել ենք 2005 թ-ին: Մենք Թալինից ենք, Անդրանիկը եղբորս ընկերն էր, մեր տուն գնում-գալիս էր: Մեր ամուսնությունն այնքան արագ ստացվեց:Մարտին նշանվեցինք, ապրիլին ամուսնացանք, մեր կյանքի համատեղ 15 տարիները ինձ համար այնքան երկար են թվում: Անդրանիկը կյանքը շատ էր սիրում, հանգստյան օրերին անհամբերությամբ էի սպասում, արթնանում էինք երաժշտությամբ, ամեն կիրակին իր նախաձեռնությամբ տոնի էր վերածվում: Անդրանիկիս ճանաչողները ցավ են ապրում…»,-պատմում է Աննան: Ամուսնությունից հետո զույգը մեկնում է Հադրութ, որտեղ Անդրանիկը զինվորական ծառայության է անցնում:

Աննան ասում է, որ գիտեր՝ հեշտ չէ զինվորականի կին լինելը, այդ մտքի հետ ի սկզբանե չի հաշտվել: «2010թ-ին վերադարձանք Հայաստան: Ամուսնուս Նուբարաշենում ծառայության նշանակեցին: Ես շատ էի ուզում Հայաստան վերադառնալ, Հադրութում չէի կարողանում համակերպվել: Հետո Անդրանիկը որպես խաղաղապահ 7 ամսով մեկնեց Աֆղանստան: Այդ շրջանն ինձ համար նույնպես փորձություն էր:

2020թ-ի սեպտեմբերի 27-ին նա մեկնեց Արցախ»,-շարունակում է փոխգնդապետի կինը՝ հուզմունքը զսպելով: Հադրութը Անդրանիկ Մանուկյանի ճակատագիրն էր: Շուրջ մեկ ամիս պատերազմի դաշտում գտնվելով Հադրութի շրջանի Դրախտիկ-Սղնախ հատվածում ՝ հոկտեմբերի 21-ին նա վերջին անգամ է խոսում կնոջ հետ:

«Ես իրեն չէի զանգահարում, ինքն էր զանգում: Այդ օրը շատ անհանգիստ էի, ես զանգեցի, զգացի ընթացքի մեջ էր, ինքն էլ էր մի տեսակ անհանգիստ, լարված: Ընդամենը մի քանի վայրկյան խոսեցինք: Ասաց՝ երեկոյան ես կզանգեմ: Միշտ առավոտյան եւ երեկոյան էինք խոսում: Չզանգեց….: Սպասեցի, ամբողջ գիշեր աղոթեցի: Առավոտյան ասացին վիրավոր է:

Նույնիսկ ուրախացա, որ վիրավոր է, կարևորը՝ կենդանի: Ինձ ստել էին: Երկու օր հետո անունը գրեցին նահատակվածների մեջ: Չեմ ուզում ասել, թե ինչ ապրեցինք: Ես մինչև վերջին պահը հավատում էի, որ կենդանի է: Ընկերներից եկան, ասացին՝ իրենց ոչ ոք չի տեսել, սուտ է, թե նահատակվել է: Ես շատ վստահ էի իր վրա, ինքը կարող ուժ էր, տեղանքը շատ լավ գիտեր»:

Աննան ամուսնու մահվանն այլևս չհավատալու հիմքեր չի ունենում, երբ մահից մոտ մեկ ամիս անց թշնամու կողմն անցած տարածքից դուրս է բերվում հերոսի դին: «Ճանաչելի էր, ինքն էր»,-շշնջում է կինը: Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանը հուղարկավորվել է նոյեմբերի 25-ին: Նրա երկու որդիները շատ են կարոտում հորը: Հարցին, թե պատրաստվում են հոր պես զինվորական դառնալ, Աննան ասաց. «Ո՛չ, ո՛չ ես, ո՛չ Անդրանիկը նրանց այդ հարցում ոչինչ չենք պարտադրել, թող դառնան այն, ինչ ուզում են»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում