Պահանջում ենք դադարեցնել` հակամշակութային, հակաբնական և հակաէսթետիկ նախագծի իրականացումը․ ՊԶՀԱ

Պահանջում ենք դադարեցնել` հակամշակութային, հակաբնական և հակաէսթետիկ նախագծի իրականացումը․ ՊԶՀԱ

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը ցանկացած վայրում և, առավելապես, Հատիս լեռան վրա համարում է անընդունելի, դատապարտելի և զբոսաշրջության տեսակետից՝ անտեղի և աղետալի։ Այս մասին ասվում է պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի տարածած հայտարարությունում:

 «Հարգելի՛ ՀՀ կառավարություն, Հարգելի՛ ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան, Հաշվի առնելով սույն թվականի հուլիսի 7-ի ՀՀ կառավարության նիստի ընթացքում ստացված նախնական դրական արձագանքը Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնությանը, ինչպես նաև այն փաստը, որ առանց համապատասխան մասնագիտական խմբերի եզրակացությունների և ՀՀ կառավարության կողմից վերջնական որոշման այսօր Հատիս լեռան վրա արձանի հիմնարկեքի արարողություն է տեղի ունեցել՝ Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան, որպես զբոսաշրջության և զբոսաշրջիկների հետ անմիջական կապի մեջ գտնվող, զբոսավարների միավորող կազմակերպություն, հարկ է համարում անարձագանք չթողնել այս հարցը։

Վերը նշված նիստի ընթացքում բարձրաձայնվեց այն միտքը, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Որպես զբոսաշրջության ոլորտը ներկայացնող կազմակերպություն, ցանկանում ենք հակադարձել այս պնդմանը մի քանի պարզ փաստարկներով։

Հայաստանը, ինչպես և ցանկացած այլ երկիր, ներկայանում է զբոսաշրջային շուկայում տարբեր պրոդուկտներով՝ առաջարկելով մշակութային, արշավային, արկածային, էկո, էքստրիմ, գաստրո և այլ զբոսաշրջության տեսակներ։ Այս արձանի տեղադրումը հակասելու և խոչընդոտելու է առնվազն առաջին երեքի զարգացմանը։

Մշակութային զբոսաշրջությունը ներառում է իր մեջ պատմական, կրոնական և մշակութային ճյուղերը։ Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա երկրի ներկայացուցիչներ՝ զբոսաշրջության ոլորտում մենք տարիներ շարունակ ներկայացրել ենք զբոսաշրջիկներին Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթներն ու պատմությունը, և այլ փաստերի հետ մեկտեղ, ներկայացրել և ներկայացնում ենք նաև սրբադասվածներին պատկերող արձանիկների և արձանների բացակայության հանգամանքը մեր եկեղեցիներում։

Իր ակունքներից սկսած Հայ Առաքելական Եկեղեցին երբևէ չի պատկերել արձանների տեսքով եկեղեցու սրբերին, այդպիսով տարբերվելով շատ եկեղեցիներից, մասնավորապես՝ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցուց՝ ստեղծելով իր յուրօրինակ և անկրկնելի ավանդույթները, բնորոշ գաղափարախոսությունը և փիլիսոփայությունը։

 Տվյալ արձանի տեղադրումը պարզապես հակադրվում է այդ բոլոր գաղափարներին, հակասում մինչ այժմ գոյություն ունեցող պատկերացումներին հայ եկեղեցու և հայ ժողովրդի մասին, որն իր եկեղեցու անբաժան մասն է, իր հերթին էլ եկեղեցին՝ մեր մշակույթի և պատմության անբաժան մասը։ Սրա հետ մեկտեղ, ստացվում է, որ մինչ այսօր մեր կողմից ներկայացվող վերը նշված դրույթներն այլևս չեն համապատասխանելու իրականությանը։

 Արշավային զբոսաշրջության համար Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա, նշանակելու է այդ արշավային ուղղությունը կորցնել, քանի որ բոլորս քաջ գիտակցում ենք, թե արձանի տեղադրումից հետո ինչ «պաշտամունքային» նշանակություն է ձեռք բերելու այն՝ դառնալով ներքին տուրիզմի կողմից ամենաայցելվող վայրը, վերածելով տարածքը առևտրի, ավտոկայանատեղիի, հանգստյան գոտիների և այլ տհաճ երևույթների, ինչպես դա տեսել ենք բազմիցս այլ հուշարձանների տարածքում։

Եվ ամենազավեշտալին այն է, որ այդ նոր պաշտամունքային վայրը որևէ աղերս չի ունենալու մեր մշակույթի և ավանդույթների հետ։ Միակ հետևանքը կլինի վերացնել այդ արշավային ուղղության հասանելիությունը, բնապատկերը, Հատիս լեռան էկոհամակարգը։

Եվս մեկ հանգամանք, որը հուսով ենք պատշաճ կներկայացվի ձեզ լիազորված մարմինների կողմից, Հատիս լեռան պատմամշակութային արդեն բացահայտված և դեռ չբացահայտված հուշարձաններն են։

Ինչպես գիտենք, Հատիս լեռան տարբեր հատվածներում առկա են մոտ 20 պատմահնագիտական վայրեր և կոթողներ։ Ի՞նչ է լինելու այդ վայրերի հետ այս լայնամասշտաբ շինարարական աշխատանքների արդյունքում։

Այս հարցի լուսաբանումը, իրենից բխող բոլոր վտանգներով, թողնում ենք մասնագետներին։ Եվ զբոսաշրջության վերաբերյալ թերևս վերջին ու գլխավոր հարցը։ Որտե՞ղ են համապատասխան հաշվարկները, որ տվյալ արձանը զբոսաշրջային նոր և որակյալ հոսքերի արդյունք է գրանցելու։

Այո՛, այստեղ տեղին է հենց որակյալ հոսքերի մասին խոսելը։ Զբոսաշրջությունը միայն օգուտ չէ, որ բերում է։ Մասսայական տուրիզմի տարբեր վայրերում զբոսաշրջության հասցրած վնասների մասին տեղեկատվություն հնարավոր է գտնել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տարբեր տարիների զեկույցներում։

Իհարկե, մյուս կողմից արդեն բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես անհատական նախաձեռնության շնորհիվ Հայաստանում իրապես խթանվել է զբոսաշրջությունը, այդպիսի վառ օրինակներ են Տաթևեր ճոպանուղին, Խնձորեսկի կամուրջը և այլն։

Զբոսաշրջությունը չի կարող գոյություն ունենալ շինծու, իրականությանը չհամապատասխանող, ժողովրդի կողմից չընդունվող կաղապարներում։ Ի վերջո զբոսաշրջիկը գալիս է տեսնելու և զգալու իրական կյանքը։ Եվ ինչքանո՞վ է համահունչ լինելու նրա համար տեսնել Հիսուսի հսկայական արձանը լեռան գագաթին մի երկրում, որտեղ նույնիսկ փոքրիկ արձաններ գույություն չունեն եկեղեցիներում։

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը ցանկացած վայրում և, առավելապես, Հատիս լեռան վրա համարում է անընդունելի, դատապարտելի և զբոսաշրջության տեսակետից՝ անտեղի և աղետալի։ Խնդրում և պահանջում ենք դադարեցնե՛լ այս ապազգային, հակամշակութային, հակաբնական և հակաէսթետիկ նախագծի իրականացումը։ Հարգանքներով՝ ՊԶՀԱ վարչություն»։