Որտեղ է անհետացել Հայաստանի արբանյակը

Որտեղ է անհետացել Հայաստանի արբանյակը

Hraparak.am-ը գրում է․ Երեկ առավոտյան կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց,  որ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը․

«2022 թվականի մայիսի 25-ին` Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը», — մանրամասնեց նա:

Վարչապետի խոսքով` արբանյակի արձակումը հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սանտլանտիս» ընկերությունների համագործակցության արդյունք է: Ծրագրվում է մինչև գալիք տարվա ավարտ Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը:

Այդ մասին Կառավարությունը նույնիսկ տեսանյութ հրապարակեց։ Կարճ ժամանակ անց հանրությունը ուսումնասիրելով տեղեկատվության իսկությունը՝ պարզեց, որ ՀՀ  արբանյակի տեղեկատվության մասին միջազգային պաշտոնական հարթակներում չի արձանագրվել։

Մասնավորապես․ SpaceX-ի պաշտոնական կայքի և Վիքիպեդիայի պաշտոնական էջի տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի մայիսի 25-ին արձակված արբանյակների ցանկում բացակայում է տեղեկատվությունը «Հայաստանի արբանյակի» վերաբերյալ։

Ավելին, SpaceX-ի Վիքիպեդիայի պաշտոնական էջում Հայաստանի արբանյակի մասին չկա որևէ տեղեկատվություն նաև այլ ամսաթվերին, մինչդեռ  հրապարակված է բոլոր երկրների ցանկը, որոնց արբանյակները դուրս են բերվել ուղեծիր։

Հայաստանի  անունը մինչ այս պահը ներկայացված չէ նաեւ «Արբանյակներն ըստ երկրների եւ կազմակերպությունների» պաշտոնական հարթակում ։ Երեկվանից համացանցում տեղեկություններ կան, որ Հայաստանն ընդամենը լուսանկարչական որոշ գործողությունների թույլտվություն է գնել իսպանիական մասնավոր ընկերություններից մեկին պատկանող արբանյակից։