Ով կլինի Պաշտպանության նոր նախարարը. Ռուսաստանը համաձայնությունը տվել է «Հրապարակ»

Ով կլինի Պաշտպանության նոր նախարարը. Ռուսաստանը համաձայնությունը տվել է

Hraparak.am-ի տեղեկություններով՝ մոտ օրերս պաշտպանության նախարարի պաշտոնում կլինի Արշակ Կարապետյանի նշանակման հրամանը։

Տեւական փնտրտուքներից հետո Նիկոլ Փաշինյանի ընտրությունը թերեւս կանգ առավ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի վրա, ով այդ պաշտոնին նշանակվել է այս տարվա ապրիլի 7-ին՝ ազատվելով վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Չնայած հանրության շրջանում, Կարապետյանի անձով պայմանավորված, որոշակի առարկություններ կան, սակայն, ըստ ամենայնի, ռուսները համաձայնություն են տվել Կարապետյանի թեկնածությանը, եւ նա ընդունելի է ՌԴ-ի համար, քանզի Հայաստանի առանցքային գերատեսչություններից մեկի ղեկավարի թեկնածությունն առանց ՌԴ հավանության չի հաստատվում։

Սակայն Կարապետյանի հետ կապված բավականին աղմկահարույց նյութեր կան, որոնք, մեր տեղեկություններով, լույս աշխարհ կգան նրա նշանակումից հետո։

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է:

Արշակ Կարապետյան

Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։

2018-ի դեկտեմբերի 18-ին Արշակ Կարապետյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական նշանակեց, ըստ որոշ լուրերի՝ վարձահատույց լինելով Կարապետյանին Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար:

Հիշեցնենք, որ այս պաշտոնում շրջանառվում էր նաեւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունը, բայց Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, չցանկացավ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ռազմավարական գործընկերների համար առանցքային նշանակություն ունեցող պաշտոնում նշանակել մեկին, ում մուտքը ՌԴ արգելված է։

Հիշեցնենք, որ եւս մի անուն է շրջանառվում պաշտպանության նախարարի առումով՝ ԶՈՒ ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանի անունը։