Ոնց դարձրին փնթի մեր բանակը, այդպես էլ փնթի պահում են․ Արսեն Վարդանյան․ «Հրապարակ»

Ոնց դարձրին փնթի մեր բանակը, այդպես էլ փնթի պահում են․ Արսեն Վարդանյան

Hraparak.am-ը գրում է․ Հարցազրույց «ՀՀ պահեստազորի զինծառայողների» նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանի հետ

Սեպտեմբեր 13-ին Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծեց, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության սահմաններին։ Դուք այդ օրերին եղե՞լ եք սահմանում։

Այո, երբ սկսվեց լայնածավալ սադրանքը հակառակորդի կողմից, ես՝  իմ ընկերների հետ, միանգամից մեկնեցի ամենամոտիկ սահմանային դիրքը՝ Վարդենիս։ Քաոսային վիճակ էր առաջնագծում, որովհետեւ, կներեք, այսպես պետք է արտահայտվեմ, ոնց դարձրին փնթի մեր բանակը, այդպես էլ փնթի պահում են։

2020 թվականից հետո առանձնապես բարելավումներ պետք է լինեին բանակում, բայց ավելի վատի է գնացել։ Նրանց օրոք էլ մի բան չէր, բայց գնալով ավելի է վատանում։

Իսկ որեւէ խոչընդոտ եղե՞լ է, որ թույլ չտան կռվեք, քանի որ որպես կամավոր եք գնացել։

Լիքը մարդիկ, որպես կամավոր, հասել էին Վարդենիս ինքնաբուխ։ Ամեն մեկն իր մեքենայով՝ մեկ հոգով, երկու հոգով, երեք հոգով։ Բայց ընդհանուր կոորդինացված համակարգ, որպես այդպիսին, չի գործում։

Մենք ունենք վարչապետ, Պնախարար, Գլխավոր շտաբի պետ եւ այլն, բայց բոլորը ոնց որ կոլխոզի նախագահներ լինեն։ Ոչ մեկը զինվորական տերմինոլոգիայով, զինվորական կարգապահությամբ  ոչ մի որոշում չի ընդունել։

Սրտի ցավով եմ ասում, բայց էս արյունն ու էս հողերի կորուստը մնալու են այդ 30 տարվա ղեկավարության վզին, որովհետեւ իրենցից ոչ մեկը չի աջակցել, որ մենք ճիշտ ապրենք, որ ունենանք հանգիստ, խաղաղ պետություն։

Բացի դա, շարունակում են խաղաղ ժողովրդի զգացմունքների հետ խաղալ, ժողովրդի էն վերջին ճիգը, որ կա, որ կարող է ինքնաբուխ վեր կենալ ու գնալ՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն էլ հետը պաշտպանել, էս մարդկանց կոտրում են հոգեբանորեն։

Ոնց որ խնդիր ունեն իրենց առջեւ դրված։ Մեզ մոտ՝ սահմանին, լարված իրավիճակ է՝ քաղաքում քեֆեր են անում սրճարաններում, ոնց որ ոչ մի բան էլ չի եղել՝ Քաբուլում է պատերազմը եւ ոչ թե Հայաստանում։ Այ, մարդկանց հասցրել են էդ մակարդակի։

Հումանիտար հրադադար է հայտարարված, պատրաստվո՞ւմ եք կրկին մեկնել սահման։

Այո, այս պահին Երեւանում եմ մի կարեւոր հարցով․ մենք ունենք ջոկատներ, կամավորական տղերք, որոնք շատ մեծ ցանկություն ունեն մասնակցելու, օգնելու սահմանում կանգնած զինվորին եւ լինելու նրա կողքին։

Հենց ներկա պահին մեր տղերքի հետ եմ։ Համահայկական մոբիլիզացիոն շտաբներ ունենք, որ գործում են 2018 թվականից այս կողմ։ Մենք հիմա այդ շտաբի գործունեությամբ համախմբում ենք մեր անձնակազմին եւ պլանավորում՝ թեկուզ ռեզերվով ինչ-որ սահմանագոտիներում ունենանք մարդիկ, իմանանք, որ ցանկացած ագրեսիայի ժամանակ մենք պատրաստ՝ տեղում ենք, չսպասենք, որովհետեւ պետությունը, բանակը, որը պետք է անի իր պարտականությունները, չի անում։

Ստիպված՝ մենք ենք հանձն առել այդ պարտականությունները կատարել։

Իսկ ձեզ զինվորական հագուստ, զենք-զինամթերք ո՞վ է տրամադրել։

 Մենք մեր ուժերով ենք ամեն ինչ կազմակերպում։ Լուծում ենք ե՛ւ հագուստի հարցը, ե՛ւ սննդի։ Քանի որ 2018 թվականից այս կողմ է ստեղծված համահայկական մոբիլիզացիոն շտաբը, այն ունի իր միջոցները եւ, բացի զենքից, կարողանում է ամեն հարց լուծել։ Պատերազմ է, պատերազմական ժամանակաշրջան է, ոնց էլ լինի, զենք կճարվի։

Ունե՞ք ընկերներ, ովքեր այս օրերին դիմել են զինկոմիսարիատներ՝ կամավորագրվելու, եւ նրանց մերժել են՝ պատճառաբանելով, թե երկրում ռազմական դրություն հայտարարված չէ, եւ դրա անհրաժեշտությունը չկա։

Այո, ունենք ընկերներ, որոնք դիմել են զինկոմիսարիատներ, որոնք աջակցություն են հայտնել, որ գնան, սակայն մեկնաբանություն են ստացել, որ ներկա պահին իրավիճակը մեր տիրապետութայն տակ է, մեր զինված ուժերնը ամբողջ սահմանի երկայնքով գերիշխող են։

Հիմնականում փորձառու սպաներ են դիմել։ Ամենավատ սպան էլ, որին փնովում է իր վերադասը, 18 տարեկան զինվորից պատրաստված է։

Դրա համար էլ հանձն ենք առել՝ մեր համահայկական մոբիլիզացիոն շտաբով ստանձնել այդ պարտականությունները՝ հավաքագրել անձնակազմին, ներգրավել ուղղությունների վրա, որոնք որ առավել կարեւոր են, եւ սպասենք հետագա զարգացմանը, որովհետեւ այս հումանիտար զինադադարը չի նշանակում, որ պրծանք։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում