Ողբերգական ավտովթար Չայնիի ոլորաններում․ վարորդը տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար Չայնիի ոլորաններում․ վարորդը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26.8 կմ հատվածում, դեպի Երևան տանող ճանապարհին, Չայնիի ոլորաննեում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Սասուն Ղազարյանի վարած BMW X5 և 37-ամյա Գոռ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին՝ հայտնվել է ձորում։ վթարի հետևանքով Գ. Գևորգյանը տեղում մահացել է։

Նրա դին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նախ ձոր են իջել ճոպաններով, ապա ճոպանների միջոցով պատգարակով դուրս են բերել դին։

Օպերատիվորեն ժամանել են բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են Գ. Գևորգյանի մահը և տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Ս. Ղազարյանին։  Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դալլաքյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Բեգլարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննիչ Դալլաքյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

BMW X5-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննւթյան. նա եղել է սչ սթափ (խմած), և ըստ նախնական տեղեկությունների՝ դեպի Երևան ընթանալիս նա բախվել է Ford Transit-ին, որի պատճառով էլ վերջինիս վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հայտնվել է ձորում։