Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. 52-ամյա վարորդը Mercedes-ով գլորվելով հայտնվել է դաշտում, նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. 52-ամյա վարորդը Mercedes-ով գլորվելով հայտնվել է դաշտում, նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 52-ամյա Ռաֆիկ Ս-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Գորիս ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20-25 մետր գլորվելով՝հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռաֆիկ Ս-ն տեղում մահացել է։ 

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վարչական գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Ռազմիկ Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։