Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանից ավելի քան 20 մլն դոլարի ոսկի կամ ոսկու փոշի արտահանել Թուրքիա

Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանից ավելի քան 20 մլն դոլարի ոսկի կամ ոսկու փոշի արտահանել Թուրքիա

168․am-ը գրում է․ Այս տարվա հունիսին Հայաստանից խոշոր արտահանում է եղել դեպի Թուրքիա։ Այն էլ մեկ ապրանքի գծով. արտահանվել է ավելի քան 20 մլն դոլարի ոսկի կամ ոսկու փոշի։

Թե ո՞վ է իրականացրել այդ արտահանումը, և ինչպե՞ս է դա հաջողվել տարիներ շարունակ թուրքական իշխանությունների ցուցաբերած անբարյացակամ վերաբերմունքից հետո, մնում է միայն գուշակել։

Փաստն այն է, որ նախկինում երբևէ նման մեծ արտահանում չէր իրականացվել Հայաստանից Թուրքիա։ Ոչ թե այն պատճառով, որ չի եղել այդպիսի հնարավորություն, այլ, որովհետև թուրքական իշխանություններ թույլ չեն տվել։ Ու հիմա հանկարծ որոշել են այսպիսի «բարեկամական» ժեստ անել։

Հայտնի է, որ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնական հարաբերություններ չունեն իրար հետ։ Բայց առանց այդ հարաբերությունների էլ առևտրային կապերը գործել են, թեև հիմնականում մեկ ուղղությամբ՝ Թուրքիայից Հայաստան իրականացվող ներմուծումների ձևով։

Տարեկան դրանք կազմել են ընդհուպ 280 մլն դոլար։ Արտահանումը 2-3 միլիոնից չի անցել։ Ու հանկարծ այս տարի միանգամից 20 մլն դոլարանոց արտահանում է տեղի ունենում։ 10 անգամ ավելի շատ, քան նախորդ տարիների ամբողջ տարվա արտահանումները։

Ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ նման բան հենց այնպես չի լինում։ Թե ի՞նչ կա թաքնված սրա տակ, առաջիկայում հավանաբար պարզ կլինի։

Հայտնի չէ նաև՝ այն առաջիկայում շարունակություն կունենա՞, թե՞ կավարտվի այդ մեկ գործարքով։

Պաշտոնական տվյալների համաձայն, տարվա առաջին կեսին արտահանումը Հայաստանից Թուրքիա կազմել է 20,5 մլն դոլար։  Արտահանման հիմնական մասը տեղի է ունեցել կիսամյակի վերջին ամսում։

Մինչ այդ արտահանումները Հայաստանից դեպի Թուրքիա գրեթե զրոյական են եղել։ Հունվարին այն կազմել է 9 հազար, փետրվարին՝ 9,3 հազար, մարտին՝ 28,3 հազար, ապրիլին՝ 155,1 հազար, մայիսին՝ 117 հազար դոլար։

Այդ 5 ամիսներին Թուրքիա է արտահանվել ընդհանուր առմամբ ընդամենը 318,7 հազար դոլարի տարբեր տեսակի ապրանք։ Արտահանված ապրանքների տեսականին շատ սահմանափակ է։ Խոսքն ընդամենը մեկ ու կես տասնյակի մասին է, որոնց մի մասի արտահանումն այնքան փոքր է, որ դժվար է նույնիսկ արտահանում համարել։

Թուրքիա արտահանումը կտրուկ ավելացել է հունիսին՝ միանգամից 20 մլն 189 հազար դոլարի չափով։ Դրանից 20 մլն 167 հազարը եղել է ոսկի կամ ոսկու փոշի։

Հայաստանից Թուրքիա է արտահանվել 353,1 կիլոգրամ ոսկի կամ ոսկու փոշի։ Դատելով հայտարարագրված թվերից՝ 1 գրամի մաքսային արժեքը կազմել է 5,7 դոլար։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին թուրքական ներմուծումները Հայաստան կազմել են ավելի քան 98 մլն դոլար։

Սա ավելին է նախորդ ամբողջ տարվա ներմուծումներից, որոնք կազմել էին 73 մլն դոլար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում