Նրանք Հայաստանի կեսն էլ կկոտորեն, մենակ թե գան նորից իշխանության, բայց դա չի լինի․ Գագիկ Մելքոնյան

Նրանք Հայաստանի կեսն էլ կկոտորեն, մենակ թե գան նորից իշխանության, բայց դա չի լինի․ Գագիկ Մելքոնյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը։

– Պարոն Մելքոնյան, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարությամբ պահանջում է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը ստորագրել են բազմաթիվ գեներալներ։ Սա ռազմական հեղաշրջման փո՞րձ է։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։

– Նախ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը ու մի քանի գեներալներ հայտարարություն են տարածել։ Վարչապետի հրամանով իրենք ազատված են պաշտոնից։ Ոչ մի աղետալի բան տեղի չի ունեցել։

Բայց նախագահը դեռ չի ստորագրել նրանց ազատման որոշումները։

– Նախագահը չգիտեմ՝ կստորագրի, թե չէ, դա իր գործն է։ Բայց պետք է իրերը կոչել իրենց անուններով. ոչ թե բանակն է ոտքի կանգնել, ոչ թե զինված ուժերն են պահանջում վարչապետի հրաժարականը, այլ մի քանի մարդիկ, որոնք ղեկավարում են բանակը։

Այսինքն՝ սա ռազմական հեղաշրջման փորձ չե՞ք համարում։

– Փորձ է։ Հեղաշրջման փորձ է։

Եվ որքանո՞վ է այն վտանգավոր՝ հաշվի առնելով, որ մենք դեռ պատերազմական վիճակում ենք։

– Բա տեսնում եք, թե մեր երկրի վիճակն ինչ է, ու հիմա էլ ինչ են ուզում սարքել։ Մարդիկ ոչ մի բանի դեմ չեն կանգնում։ Էս ժողովրդին էլ են հանելու իրար դեմ, ժողովուրդն էլ է իրար կոտորելու, եթե չհասկանա, թե ինչ է կատարվում, ու ուր են ուզում տանել։ Դրա համար ժողովուրդը պետք է խոհեմ լինի, սադրանքների չտրվի։ Ոչ էլ պետք է ասել, որ բանակը դուրս է եկել ժողովրդի դեմ։ Մենք տեսել ենք, թե ինչ է լինում, երբ բանակը դուրս է գալիս ժողովրդի դեմ։

Դուք այս վիճակը վտանգավոր չե՞ք համարում։

– Ոչ այնքան, քանի որ մեր ժողովուրդը խոհեմ ժողովուրդ է և չի գնա սադրանքների։

Գլխավոր շտաբի կողմից հեղաշրջման փորձի հետևում ովքե՞ր են կանգնած։

– Ես չեմ կարող ասել։ Իրենք պետք է ասեն, թե ում հրահանգներն են կատարում։

Իսկ որ մեկի հրահանգը կատարում են՝ դրանում համոզվա՞ծ եք։

– Այո։ Եվ վարչապետը առաջին հերթին պետք է բանակի ղեկավարությանը կանչեր պատասխանատվության պատերազմում պարտության համար։ Բանակը, Գլխավոր շտաբը պարտվեց պատերազմը։ Փոխանակ վարչապետը նրանց հրաժարականը պահանջեր, հակառակն է տեղի ունենում։

Վերլուծաբաններ, քաղաքագետներ կատարվածում նաև արտաքին հետք են տեսնում։ Մասնավորապես Ռուսաստանի։ Դուք է՞լ եք այդպես մտածում։

– Ոչ, ես այդպես չեմ մտածում։ Մեր երկրի ներսում մեր երկիրը չսիրող այնքան մարդ կա, որ ուզում են մեր երկիրը տանել կործանման, որ պետք չի ուրիշների փնտրել։ Ռուսների շատ վեջն է, թե ստեղ ով է լինելու նախարար, վարչապետ կամ նախագահ։ Ռուսի շատ պետքն է։ Ով էլ լինի, պետք է վազի ռուսի մոտ, բարեկամություն անի, պայմանագրերին հետևի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կաքյում