Նոր տարվա առաջին շաբաթը Հայաստանում իշխում է մարդկությանն անհայտ սննդակարգ․ Օրգանիզմն ընկնում է սթրեսի մեջ․ Աննա Հակոբյան

«․․․Ամանորին նախորդող շաբաթը, Նոր տարվա առաջին շաբաթը և դրան հաջորդող ևս երկու շաբաթը Հայաստանում իշխում է բոլորովին այլ, մարդկությանն անհայտ սննդակարգ»,- այս մասին Ֆեսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ այս հոդվածը նա գրել է դեռ 2016 թվականին։

«Մինչև դեկտեմբերի 31-ը համարվում է սնվելու հարցում գլխառադ անելու և գնումների արդյունքում սառնարանում հայտնված ամեն ինչ պահելու շրջան: Օրգանիզմն արդեն դուրս է գալիս իր բնականոն հունից և ընկնում սթրեսի մեջ:

Հունվարի 1-ից սկսած այդ բոլոր պահած մթերքները, կապ չունի՝ դեսերտ են, միրգ, ճաշ թե նախաճաշ, միաժամանակ հայտնվում են սեղաններին:

Ընդ որում, եթե քո տան սեղանին կա x թվով համեղ ուտելիք, ապա բոլոր այն տներում, որտեղ կլինես, կարող ես հանդիպել այն ամենին, ինչ քո տանը չկա, և եթե օրվա մեջ մի քանի տուն այցելես, աչքդ կտեսնի այդ սեզոնին հնարավոր և անհնար ամեն ինչ:

Աչքը տեսածից մի-մի պատառ համտեսելն էլ արդեն մեծ մարտահրավեր է: Թե սա ինչ սթրես է օրգանիզմի համար, կարող են մասնագիտորեն բացատրել սննդաբանները:

Բայց նախաամանորյա ասուլիսների և հաղորդումների ժամանակ այս խնդիրները չեն էլ բարձրացվում: Փոխարենը բոլորը զգուշացնում են, որ չի կարելի երեք օրվա հնության աղցաններ ուտել և թունավորվել․․․»: