Մամուլ

Նոր ձերբակալություն Կենտրոնի թաղապետարանում

Factor.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում դարձյալ ձերբակալություն է տեղի ունեցել։ Ձերբակալված աշխատակիցը կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնից է։

Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից հաստատեցին, որ Կենտրոնի թաղապետարանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ Կոմիտեից նշեցին, որ այդ գործով կան այլ մեղադրյալներ, որոնց մի մասը կալանավորված է, թե քանիսը՝ չմանրամասնեցին։

Factor.am-ի տեղեկություններով՝ օրերս ձերբակալված, ապա կալանավորված աշխատակիցը աչք է փակել ապօրինի շինությունների և փողոցներում տեղադրված կանգնակների վրա։

Նշենք, որ Կենտրոնի թաղապետարանը ուշադրության կենտրոնում էր հայտնվել շուրջ երկու շաբաթ առաջ, երբ իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացրել աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Factor․am-ի տեղեկություններով՝ խուզարկության արդյունքում ձերբակալվել էին բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի ևս մեկ աշխատակից և մեկ քաղաքացի։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող այդ գործը վերաբերում է ենթադրյալ կաշառքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքին։ Factor․am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են հանրային սննդի օբյեկտներից լիցենզիայի պետական տուրքի գումարներն առձեռն հավաքագրելու և Կենտրոն վարչական շրջանում սուրճի ապարատներ տեղադրելու թույլտվություններ տալու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական վարչությունից փոխանցեցին, որ նոյեմբերի 22-ի ձերբակալությունն այդ գործի հետ առնչություն չունի։

Կիսվեք էջում