Նիկոլ Փաշինյանն ինքը չի հրաժարվի մի քանի պատճառով. Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանն ինքը չի հրաժարվի մի քանի պատճառով. Վազգեն Մանուկյան

Մի քանի հարյուր հազար մարդ կա, որ սարսափելի էմոցիոնալ դժգոհության մեջ են, բայց մի միլիոն մարդ էլ կա, որ դժգոհ է Նիկոլ Փաշինյանից, բայց հավես չունի մասնակցել այս ամեն ինչին, որովհետեւ կոտրված է. պետք է կարողանալ այդ մարդկանց փողոց հանել, որ այս շարժումը լինի տպավորիչ ծավալով:

Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նիկոլ Փաշինյանն ինքը չի հրաժարվի մի քանի պատճառով. նախ ինքը շատ վախենում է, թե ինչ պատասխան է տալու հետո: Երկրորդ, չտես մարդիկ մտել են իշխանություն, վայելում են, իրենք հեշտ իշխանությունը չեն տա:

Բայց այդ դեպքում պետք է կոտրել, փչացնել իր հենարանները: Իսկ ովքեր են իր հենարանները. Դա «Իմ քայլը» խմբակցությունն է, պետք է աշխատել «Իմ քայլի» հետ: Մի մասը ոստիկանության բարձրաստիճան սպաներ կան, որոնք դաժան ձեւով վարվում էին ժողովրդի հետ: 2-3 հենարան է, որոնք եթե փլվեն, ինքն էլ կփլվի»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության վերցրած դադարին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ դրա օգուտն այն էր, որ ինքը տեսավ, որ այն մարդիկ, որոնք առաջ չէին պատկերացնում երկրի վիճակը, իսկ հիմա պատկերացնում են, ավելի շատացան.

«Հարցումներն էլ են ցույց տալիս, որ գիտակցող մարդկանց թիվը ավելանում է, մարդիկ շոկից դուրս են գալիս: Շարժումն էլ իր ներսում քննարկեց իր բոլոր արածները, դասեր քաղեց եւ ամսի 20-ի հանրհավաքով շատ ավելի մեծ թափով կշարունակի հանրահավաքները»:

Տեսանյութը ստորև