Նիկոլը շատ թերություններ ունի, բայց կա մի բան, որ ինքը չի կարող ժխտել․ Պարույր Հայրիկյան

Նիկոլը շատ թերություններ ունի, բայց կա մի բան, որ ինքը չի կարող ժխտել․ Պարույր Հայրիկյան

Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

«Անձամբ իր համար ուրախալի է, որ մարդիկ իրենց իրավունքների համար դուրս են գալիս փողոց ու պայքարում, բայց ցանկացած կիսատ-պռատություն միայն կիսատ-պռատ արդյունքների կարող է բերել, և բացի այդ ռազմավարական մոտեցումների բացակայությամբ, որևէ հաջողության չեն հասնի, իսկ հաջողությունը ընդամենը հետևյալն է՝ «Նիկոլ գնա՛, քո փոխարեն գանք մենք»։

Որքան շատ են ասում՝ մենք իշխանության չենք ձգտում, այնքան ակնհայտ է դառնում, որ հենց իշխանության էլ ձգտում են, ու դա ամոթալի չէ, քաղաքական ուժը դրա համար է, որ գա իշխանության և իրականացնի իր ծրագրերը, բայց ամոթալի է, որ խոսում են իշխանության բացասական երևույթները նախապատրաստող և դրանք ասպարեզ իջեցնող Սահմանադրությունը չփոխելու, այն պահպանելու մասին։

Ամոթալի է, որ նրանք շարունակում են դաշնակից համարել մի պետության, որը դաշնակից է ընդամենը պարտվելու համար։ Դաշնակից ընտրում են հաջողության հասնելու համար, այս տեսակ չակերտավոր դաշնակիցների հետ մենք միայն պարտվել ենք»,- ասաց Հայրիկյանը։

«Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա դրա մասին դեռ 4 տարի առաջ բոլորն են հիշում, երբ ես Նիկոլին խարազանեցի բավական խիստ կերպով:

Նիկոլի հեռացումը մեզ համար անառարկելի է այն պահից, երբ մենք հասկացանք, որ նա ոչ միայն ուզում է փոփոխություններ, այլ ուզում է գալ իշխանության և ուզում է պահպանել այն արատավորը, որի դեմ ինքը իբրև թե պայքարում էր, իսկ այդ արատավորի հիմքում ընկած է Սահմանադրությունը։

Մենք ողջունելով ցանկացած ընդվզում բացասական երևույթների դեմ, ուզում ենք, որ դա ունենա հետևողական, նպատակասլաց զարգացում։ Ես այսօր պատրաստ եմ գնալ հենց ամբիոնից էլ խոսել, երբ մենք խոսում ենք մեր ազգի առջև ծառացած խնդիրների մասին  պիտի անդրադառնանք առաջին հերթին մեր կյանքը կարգավորող Սահմանադրությանը։

Կա մի խնդիր, որ անառարկելի է, Նիկոլը շատ թերություններ ունի, բայց կա մի բան, որ ինքը չի կարող ժխտել, նա 2020 թվականի փետրվարի 12-ին Կառավարության որոշում է ընդունել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին և ժամկետ է նշել, հետո այդ ժամկետում գործողությունները չի կատարել՝ երկարաձգել են, նորից չի կատարել։

Միայն դա բավական է, որ մենք պահանջում ենք քո հրաժարականը, որովհետև հիմնական օրենքի հարցում դու հրապարակավ ստել ես և ապացուցել ես, որ անկարող ես»: