Նախագահական չեն գնա, բայց Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը կկայանա

Նախագահական չեն գնա, բայց Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը կկայանա

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ասուլիս է տվել մի քանի լրատվամիջոցների՝ «Հրապարակ», «Ժողովուրդ», «168 ժամ», Tert.am եւ «Կենտրոն» հեռուստաընկերություն։

Ասուլիսը տեսաձայնագրվել է, որը կցուցադրվի երեկոյան՝ նշված լրատվամիջոցներով։ Ծառուկյանն անդրադարձել է ներքաղաքական լարված իրավիճակին, վերջին իրադարձություններին, խոսել է նախագահի հրավերի եւ Նիկոլ Փաշինյանի հետ հավանական հանդիպման մասին։ Նա կրկնել է, որ լուծումը վարչապետի հրաժարականն է եւ արտահերթ խորհդրարանական ընտրությունների գնալը, իր մոտ ոչ մի բան չի փոխվել, ինքը ինչ ասել է՝ պնդում։

Hraparak.am-հարցին․ ինչպե՞ս է վերաբերվում նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին, որ ընդդիմադիր ուժերն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեն նախագահականում եւ գտնեն լուծումներ ստեղծված իրավիճակից, Ծառուկյանն ասել է, որ իր տեսակետը նույնն է, ինչ երեկ հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հանդիպմանը կհամաձայնեն, եթե այն անցկացվի իրենց օրակարգով, Ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ ուղիղ հեռարձակմամբ, քանզի իրենք հանրությունից թաքցնելու բան չունեն։

Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյան

Իսկ ուղիղ եթերի իմաստն այն է, որ չասեն՝ գնում թաքուն բանակցում են։ «Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսենք, չկա․․․Եթե հարցադրումները կդնի, կետերը կդնի, ծրագիրը, որ այս հարցն է, այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք՝ կասենք․․․ հենց այնպես քննարկելու, խոսելու համար ես հարկ չեմ համարում»,-ասել է Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է իր եւ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպմանը, թե լինելո՞ւ է, ի վերջո, երկկողմ հանդիպում, Ծառուկյանն ասել է․ «Իհարկե, լինելու է, քանի որ Հայրենիքի փրկության շարժման մեր գործընկերների հետ հանդիպել ենք, այդ թեման ասել ենք, որոշողը ես եմ, ես ասել եմ՝ հանդիպելու եմ։ Ինձ թվում է, շուտով հանդիպումը կլինի եւ բոլորդ էլ տեղյակ կլինեք, ոչ թե պատերի տակի խոսակցություններով, թե հանդիպել են, էս- էն արել։

Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք»։ Իսկ օրակարգը հանդիպման նույնն է․«Իմ տեսակետները չեն փոխվել, վարչապետը պետք է հրաժարական տա, եւ պետք է շուտափույթ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մնացածը՝ կհանդիպենք Փաշինյանի հետ, ինքն էլ իր տեսակետը կասի»,-ասել է Ծառուկյանը։