Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանն ինքնասպանության փորձ են կանխել

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտնում է.

«Այսօր` վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց և տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի։ Խնդրեց շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին:

Զանգից հաշված րոպեներ անց եղել եմ դեպքի վայրում։ Փա՛ռք Աստծո, Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց երիտասարդին համոզել անցնել կամրջի այս կողմը։ Անձամբ երիտասարդի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ նրա հուսահատ քայլը պայմանավորված է իրավունքի և արդարադատության խնդիրներով։ Կարողացանք երիտասարդի հետ ընդհանուր հայտարարի գալ, որ նման քայլի նա այլևս չի դիմի: Այնուհետև, մեքենայով անձամբ եմ նրան ուղեկցել տուն։

Այլ մանրամասների հետ կապված լրացուցիչ կտեղեկացնեմ։ Մեր երկրի քաղաքացիներն իրենց հոգատարությամբ, հետաքրքրասիրությամբ և մարդասիրությամբ տարբերվում են այլ ազգերից։ Հ.Գ. Առանձնակի շեշտեմ` ոստիկանության աշխատակիցներն իրենց պարտականությունները փայլուն կատարեցին»: