Մի «քոթակ» ուտելով` ընդիմադիր չեն դառնում

Մի «քոթակ» ուտելով` ընդիմադիր չեն դառնում

Hraparak.am-ը գրում է․ Հայաստանյան հասարակությունը բազմիցս է հիասթափվել ընդդիմությունից. վերջում պարզվել է, որ նրանք իշխանություններին քննադատել են պաշտոն ստանալու ակնկալիքով: Շատերս ենք հիշում՝ ժամանակին Արտաշես Գեղամյանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քննադատելիս քարը քարի վրա չէր թողնում, աղմկում էր, ոտքը խփում գետնին, մատ թափ տալիս:

Սերժ Սարգսյանը Գեղամյանին անվանեց դատարկ դհոլ, հետո եկավ նրանց «քաղաքական մեղրամիսը»․ Սերժ Սարգսյանի օրոք նա ՀՀԿ ցուցակով դարձավ պատգամավոր ու կորցրեց հիշողությունը։

Դրանից հետո ամեն ինչի մեղավորը, ըստ Գեղամյանի, միայն Ռոբերտ Քորչարյանն էր, որ վատ ժառանգություն էր թողել Սերժ Սարգսյանին, ու ասում էր, որ ինքը պետք է օգնի, որպեսզի Սարգսյանը երկիրը հանի Քոչարյանի գցած փոսից: Գեղամյանին քննադատում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ մեղադրելով իշխանության հետ համագործակցելու համար: Գեղամյանն էլ հակադարձում էր նրան: Երկուսն էլ ճիշտ էին. մի ոտքը իշխանության մեջ, մի ոտքը ընդդիմության դաշտում խաղացողներ էին երկուսն էլ։

Արթուր Բաղդասարյանն էլ մի օր համալրեց իշխանական դաշտն ու լռեց. ՕԵԿ-ն ու իր նախագահն այսօր դուրս են մնացել հայաստանյան քաղաքական ուղեծրից: Մի ուրիշ թունդ ընդդիմադիր էլ կար՝ Վիկտոր Դալլաքյանը, ով օրնիբուն քննադատում էր նախորդ իշխանություներին, Սերժ Սարգսյանին հրապարակավ մեղադրում էր «ղումար» խաղալու մեջ: Սերժ Սարգսյանը գիտեր իրեն սուր քննադատողներին լռեցնելու ձեւը. նրանց դարձնում էր իր «թիմակիցը», հետո «դուրս գրում» քաղաքականությունից:

Այդ ծուղակն ընկավ նաեւ Դալլաքյանը: Ընդդիմադիր Դալլաքյանը 2012-ին պատգամավոր առաջադրվեց ՀՀԿ ցուցակով: Երկարամյա պատգամավորը, ով իր բարձր վարկանիշով միշտ հաղթում էր ընտրապայքարում՝ երբեմն հակառակ իշխանությունների գործադրած ջանքերին, այս անգամ, լինելով իշխանության թեկնածու, պարտություն կրեց. վանաձորցիները չներեցին իրենց պատգամավորի «դավաճանությունը»: Նա պարտվեց շատերին անհայտ մի երիտասարդի, որի անունն Էդմոն Մարուքյան էր։ Սերժ Սարգսյանը մի կրակոցով երկու հարց լուծեց՝ Դալլաքյանին հեռացրեց քաղաքականությունից, նրա փոխարեն ԱԺ նոր «ընդդիմադիր» ներմուծեց:

Վանաձորցիներին անհայտ երիտասարդ փաստաբանը հենց առաջին ընտրապայքարում ստացավ 11 հազարից ավելի ձայն: Վանաձորցիները կատակում էին, թե՝ մեր քաղաքում այդքան մարդ այդ ջահելին ճանաչո՞ւմ է: Ո՞րն էր նրա հաղթանակի առեղծվածը: Անշուշտ, դրան նպաստեց Դալլաքյանի ՀՀԿ-ացումը: Բայց միայն դա չէր։ Վանաձորի ՀՀԿ-ական ողջ վերնախավն աշխատում էր Մարուքյանի համար. քաղաքում լուրեր էին շրջանառվում, որ դա Սերժ Սարգսյանի որոշումն է: Իսկ Դալլաքյանն իր նոր կուսակիցների կողմից աջակցություն չէր ստանում:

Այդ ժամանակ մեծամասնական ընտրակարգով գրեթե անհնար էր ընտրվել պատգամավոր՝ չունենալով Բաղրամյան 26-ի «թույլտվությունը»: Գուցե Միքայել Մինասյանը մի օր էլ այս հարցում անկեղծանա ու պատմի, թե ինչու են ասում՝ «Էդմոնը Միշիկի մարդն է», այնպես, ինչպես գաղտնազերծեց, թե ինչու էին ասում՝ «Նիկոլը Միշիկի մարդն է»: Իսկ նրա գրառումը՝ ուղղված Մարուքյանին՝ ՍԴ դիմումի ստորագրություններին չմիանալու առնչությամբ, ուներ գաղտնի տողատակ. Մինասյանը Մարուքյանին դիմում էր վիրավորված մտերիմի իրավունքով… 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում