Միայն ծանոթներս գիտեն, որ լուսանկարի տղան ես եմ. ամենասիրված լուսանկարի պատմությունը «Հայկական ժամանակ»

Ապրիլյան պատերազմի օրերին հայ զինվորի լուսանկարը (լուսանկարում՝ աջից) դարձավ պատերազմում մեր զինվորների անկոտրում ոգու խորհրդանիշ: Այս օրերին սույն լուսանկարը լայնորեն տարածվել էր ոչ միայն հայկական ֆեյսբուքում, այլեւ՝ հայկական եւ միջազգային լրատվամիջոցներում: Մարդիկ սկսեցին լուսանկարը պատկերող շապիկներ կրել, այդ թվում՝ իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Լուսնկարի զինվորը Հրազդանի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանն է, նրա համարձակ կեցվածքն ու հպարտ կիսաժպիտն էր գերել բոլորին:

Շատերին թվում էր, թե լուսանկարն արվել է քառօրյա պատերազմի օրերին, այնինչ մեզ հայտնի դարձավ, որ լուսանկարն արվել է 2014 թվականին Նախիջեւանի դիրքերում: Հայտնի լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Վարդան Պետրոսյանն է:

– Վարդան, քառօրյա պատերազմի օրերին համացանցում ակտիվորեն տարածվեց ձեր կողմից արված լուսանկարը: Կներկայացնե՞ք լուսանկարի պատմությունը, ե՞րբ է այն ստեղծվել, ի՞նչ պայմաններում ու հանգամանքներում:

– Լուսանկարն արվել է 2014 թվականին, Նախիջեւանի դիրքեր այցելելու արդյունքում, քանի որ ինքս դիրքերում եմ ծառայել եւ գիտեմ, թե ինչ գնով են պայքարում մեր զինվորները սահմանում, այդ իսկ պատճառով հաճախ եմ այցելում դիրքեր, թեկուզ 1 ժամով նրանց կողքին լինելու եւ տեսնելու թե ինչպես են նրանք:

– Պատերազմի օրերին դո՞ւք եք լուսանկարը դրել շրջանառության մեջ:

– Ես ուղղակի տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում՝ մինչ քառօրյա պատերազմը, ուղղակի այսպես ասած այն ճանաչում գտավ ճիշտ ժամանակին, չգիտեմ:

– Որեւէ ցուցահանդեսում այս լուսանկարը մասնակցություն ունեցե՞լ է, թե՝ ոչ:

– Այո լուսանկարը ցուցահանդեսների եղել է Եվրոպայի տարբեր երկրներում, այս տարի ԱՄՆ-ում էլ կներկայացվի:

– Ասացիքոր ցուցահանդեսների եղել էորեւէ մրցանակի արժանացե՞լ է:  

– Ոչ, ուղղակի ցուցադրվել է: ՀՀ բանակի կազմավորման 25-ամյա տարեդարձին եւ ՀՀ անկախության հռչակման 25- ամյակին նվիրված ցուցահանդեսներին է եղել:

– Միջազգային կազմակերպություններ դիմե՞լ են այս լուսանկարն օգտագործելու համար:

– Ցավոք ոչ:

– Իսկ այն վաճառելու առաջարկ եղե՞լ է:

– ճիշտն ասած, իմ կարծիքով սա այնպիսի թեմա է, որ վաճառքի մասին խոսք գնալն ուղղակի ամոթ կլիներ, ով էլ ցանկացել է, տրամադրել եմ լուսանկարը, միայն չեմ տրամադրել, ով ցանկացել է կոմերցիոն նպատակով օգտագործել:

Զրուցեցինք նաեւ լուսանկարի հերոսի՝ Սարգիս Հովհաննիսյանի հետ: Երիտասարդը մի քանի տարի է բնակվում է Մոսկվայում, աշխատում է:

-Սարգիս, ո՞ր թվականներին եք ծառայել Զինված ուժերում: Լուսանկարի շուրջ ստեղծված իրարանցման մասին ե՞րբ իմացաք եւ արդյոք այն  ձեզ ճանաչում բերե՞լ է, թե ոչ:

– Ծառայել եմ 2012-2014 թվականներին: Լուսանկարն, ինչպես նշվեց, արվել է 2014 թվականի դեկտեմբերին: Ինչ վերաբերում է՝ ճանաչում բերել է, թե ոչ, ապա ես կասեմ, որ ճանաչում բերել է զինվորին, իսկ համազգեստից դուրս չեն ճանաչում: Միայն ծանոթներս գիտեն, որ լուսանկարի տղան ես եմ (ծիծաղում է):

– Ձեր լուսանկարում բացի համարձակ կեցվածքից ու հպարտ կիսաժպիտից նաեւ մի փոքր հեգնանք կա. սա ի՞նչ է նշանակում, ո՞ւմ է ուղղված:

– Այո, հեգնանք կա լուսանկարի մեջ: Ուղղված է մեր թշնամուն: Եվ ինքն իրենով լուսանկարն ասում է, որ մենք մեր թշնամուց չենք վախենում, միշտ պատրաստ ենք:

-Լուսանկարը քանի՞ փորձից ստացվեց:

-Հենց առաջին ագամից էլ ստացվել է:

 Որքա՞ն ժամանակ է Մոսկվայում եք,  ինչո՞վ եք զբաղվում եւ ե՞րբ եք վերադառնալու:

– Ծառայությունից հետո գնացել եմ Մոսկվա: Պատերազմի օրերին մշտապես կապի մեջ եմ եղել Վարդան Պետրոսյանի հետ: Ամեն դեպքում պատրաստ էի վերադառնալուն, եթե կռիվն ավելի մեծ մասշտաբով լիներ: Վերադառնալու մասին չեմ կարող ասել, որովհետեւ ինքս էլ չգիտեմ:

– Մոսկվայում ինչո՞վ եք զբաղվում:

-Աշխատում եմ:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com