Մեր ժողովրդի որակյալ հատվածը գնաց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հետեւից. Ռազմիկ Դավոյան

Մեր ժողովրդի որակյալ հատվածը գնաց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հետեւից. Ռազմիկ Դավոյան

Մենք եկանք, դեմ առանք ընտրությունների պատին եւ այդ ընտրությունները ցույց տվեցին մի քանի բան, որոնք կարեւոր էին: Այս մասին, այսօր Հայելի մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

«Ընտրությունների գլխավոր ձեռքբերումը եղել է երկու դաշինքների քվեներ շահելը եւ ԱԺ մտնելը: Նախ 300 հազար մարդ մերժեց այս իշխանությանը, նաեւ հազարավոր կեղծիքներ եղան: Այս ընտրություններն ինձ համար բացահայտեցին մի շատ կարեւոր հանգամանք. Մեր 2-րդ եւ 3-րդ նախագահները սկսեցին խոսել ժողովրդի հետ»,-ասաց նա:

Դավոյանը պատմեց, որ նախընտրական հանդիպումների ժամանակ Ռոբերտ Քոչարյանից ապահովության զգացում էր բխում եւ երեխաները գալիս գրկում էին նրան, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում դպրոցական երեխաների ձեռքը տալիս էին աղուհաց, հետեւից բոթելով տանում էին, ասում էին, թե ում առջեւ պետք է տանի:

«Եթե այսօր էլ իր նման մեկը կարողանա սրան տապալել, ավելի թանձր ձեւով դա կարող է ընտրվել: Ես չեմ զարմանա, որ նորից ինչ-որ բաներ կարող է հանձնել:

Ես ուզում եմ հետեւել մեր ժողովրդի որակյալ հատվածին, որը գնաց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հետեւից, հենվել նրանց վրա, նրանք շարքերը խտացնել»:

Նա նշեց, որ սխալ ճանապարհ է Նիկոլ Փաշինյանին ձայն տվածներին բնորոշել որպես ներքին թուրքեր. «Որովհետեւ ժողովրդի խելքն առել են, թուրքական, ազերիական փողերը մեր ժողովրդին կուրացնում են:

Շատերն ասում են, իսկ ո՞ւր են մեր մտավորականները, երբ երկրի գլխին այսպիսի վտանգ է կախված: Ես դեռ 1990-ականներից ասել եմ, որ դա սխալ ճանապարհ է, բայց մեր ժողովրդի այդ հատվածը նման է փիս կնկա, որ հարցը տալիս են, բայց պատասխանը չեն լսում: մեր ժողովուրդը չէր տեսնում, թե ինչ է կատարվում, հիմա էլ ականջի խնդիր ունի, պետք է լսի: Որովհետեւ երբ որ հարց է տալիս, թե ինչ անեն, ես ասում են՝ արթնացրու քո քնած հսկային: Դրանք կես մլն ընտրություններին չմասնակցածներն են»:

Բանաստեղծն անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը՝ նշելով. «Մենք կոտրել ենք մեր ռազմավարական դաշնակցի սիրտը, բայց նրա սիրտը կարող է կոտրվել մեր ապաշնորհ, ապիկար իշխանությունների՝ թուրքերի առջեւ ստրկամիտ, նվաստացուցիչ գործունեության պատճառով: Ինչքան էլ սիրտը կոտրված լինի, մեր ռազմավարական դաշնակիցը մեզ հետ է:

Իրանը հանճարեղ հայտարարություն արեց, ասաց՝ ես թույլ չեմ տա, որ Հայաստան-իրան սահմանին որեւէ մեկը վտանգավոր զարգացումներ ունենա: Մենք էլի բարեկամներ ունենք: Ես Ֆրանսիայի բարեկամությունը միշտ գնահատել եմ, բայց Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է: մեր սիրտը շահելու համար ասաց՝ ես զորք կուղարկեմ, բա ո՞ւր է այդ զորքը»: