Մենք պատրաստում ենք այդ զանգվածային ընդվզումը. անելու ենք, այդ ճանապարհին ենք. Ռոբերտ Քոչարյան

Մենք պատրաստում ենք այդ զանգվածային ընդվզումը. անելու ենք, այդ ճանապարհին ենք. Ռոբերտ Քոչարյան

Ընտրություններից հետո մենք տեսնում ենք այս իշխանության վարկանիշի շեշտակի անկում, նույնիսկ մեզ համար անսպասելի անկում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հասկանում եմ, որ մեզնից սպասում են ավելի արմատական գործողություններ։ Ընտրություններից հետո մենք տեսնում ենք այս իշխանության վարկանիշի շեշտակի անկում, նույնիսկ մեզ համար անսպասելի անկում. բացատրություն չունեցող ինչ-որ երեւույթ տեղի ունեցավ։

Մեր գնահատականով՝ այդ վարկանիշի անկումը չի տրանսֆորմացրել այդ զանգվածների պատրաստակամությանը՝ ակտիվ պայքարելու համար։ Մենք համոզված ենք, որ այս մարդիկ իրենց հոժար կամքով իշխանությունը չեն թողնելու»,- նշեց երկրորդ նախագահը։

Ըստ նրա՝ իշխանությունից հեռացնելու համար պետք են զանգվածային ընդվզումներ. «Ոչ թե 10 հազար մարդ, այլ զանգվածային։

Մենք այսօր չենք տեսնում, որ դա հասունացած է։ Դա հիասթափեցնում է մեր կողմնակիցների մի հատվածին, որոնք պատրաստ են այդ պայքարին, բայց մենք նաեւ չենք կարող այդ մարդկանց չպատրաստված տանել նման փորձությունների։

Մենք պետք է պատրաստ ենք եւ պատրաստում ենք այդ զանգվածային ընդվզումը. անելու ենք, այդ ճանապարհին ենք։ Ես ժամկետներ եմ նշել, այդ ժամկետների մեջ տեղավորվելու ենք։

Ինչ-որ բաներ կան, որ պիտի հասունանան։ Ինքս պատրաստ եմ ամեն ինչի, բայց պետք է զգաս, որ դա լինելու է ոչ թե այսպես ասած՝ ինքնահրկիզման ակտ, դրանք լինելու են քայլեր, որոնք մեծ հավանականությամբ պետք է բերեն հաջողության։ Հակառակ դեպքում մեզ մեղադրելու են՝ բա դուք առաջնորդ եք, ինչու չեք հաշվարկել»։