«Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր…». Դավիթ Ամալյան

«Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր…». Դավիթ Ամալյան

Երգահան Դավիթ Ամալյան գրառում է արել՝ պատմելով իր ապրումների մասին։

«Էհ… Առայժմ կհառաչեմ, կհառաչեմ՝ հառաչանքիս մեջ ցավ թաղելով: Հետո կլռեմ.. Կլռեմ թաքուն, կլռեմ անգույն կամ կլռեմ սեւ: Իսկ հետո, երբ Վարդանիս ու իմ զրույցը մի օր կշարունակվի, կսկսեմ ասելիքս կենտրոնացնել: Իսկ հիմա, առայժմ կմտորեմ: Կմտորեմ, օրինակ, այն դատարկության վրա, որի անունը ժամանակ է։ Տարածության եւ հավերժության անզոր թշնամին՝ ժամանակը:

Ժամանակն իր անզորությունը թաքցրեց կյանքի հետեւում ու սկսեց որոշումներ կայացնել՝ սկզբում մարդուն երկրի վրա ստեղծելու, հետո մարդուն մարդու դեմ հանելու լավագույն միջոցների՝ նյութապաշտության եւ սրանից բխած քաղաքակրթության, որը լավագույն տարբերակն էր մարդուն բնազրկելու, հետո կրոնազատման, հետո վերջում էլ նաեւ լեզվա, ազգա, ու էլ չգիտեմինչազատումների ստեղծումով:

Դավիթ Ամալյան որդի

Ի՞նչ արեց մարդուկը. արագ սկսեց սիրել, ենթարկվել եւ ստրկանալ իրեն գայթակղիչ առաջարկներով դիմած ժամանակին: Սկսվեցին մարդկության կենդանական հակասությունները. աշխարհը դարձավ ժամանակի թատերաբեմ, որտեղ մարդուն մնաց միայն խաղալ ժամանակի անտաղանդ բեմադրությունը, իսկ սա տարածության հեգնանքն է թատերաբեմ դարձած աշխարհին…

Այսքանը մի տեսակ անհասկանալի ու ճոռոմ ստացվեց, բայց կուղղեմ: Անցնեմ զգացածիս, խոսեմ իմ տեսածի ու իմ չափով հասկացածի մասին: Անցյալն ավելի խելոք պատմաբանների եւ քաղաքագետների քննարկմանը թողնելով՝ անցնեմ ապրածիս, որն իր հերթին անցյալավորվում է ամեն վայրկյան: Սա ինքնակենսագրական չէ, դրա համար էլ կսկսեմ իմ տասնչորսից, որտեղ ես հայ եմ ու հայտնվել եմ հայոց համազգային շարժման իրական ու ինչ-որ տեղ ժամանակի հետ մի քիչ պայքար մղող վերելքի մեջ:

Թեպետ քանի որ ընթերցողս, համոզված եմ, որ այս շարժումից լավ կամ վատ որեւէ քննարկման կարիք չունի, իր սեփականն ավելի ճիշտ համարելով, մոտենամ ավելի այս կողմին՝ 1990-2020 հատվածին, որն ինձ համար վերնագրվեց հաղթանակից պարտություն ճանապարհատված կամ, ավելի ճիշտ, ժամանակահատված:

Դավիթ Ամալյան

Այս ժամանակահատվածն իմ հարկահավաքը դարձավ, ու ես վճարեցի իրեն ապրելով, որն ամփոփված էր սիրով, ստեղծագործական մանր-մունր նշույլներով, կորուստներով, տառապանքներով, նաեւ ձեռքբերումներով: Հարկահավաքս չխնայեց ոչինչ. այս ընթացքում ինձնից առատորեն վերցնում էր տվածս հարկերն ու ինձ հանձնում ցավ, որը ես նորից փոխակերպում էի սիրո ու մնացածի:

Քանի որ ժամանակին տրված վերջին հարկս իմ գոյությունից թանկ էր, հիմա դատարկված եմ եւ մի քիչ էլ, ինչո՞ւ չէ, նաեւ չարացած: Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր ու շատ ավելին, քան որեւէ մարդանման ինչ-որ բան, բայց կուզեմ մի փոքր մարդկային քննարկում անել ինքս իմ մեջ:

Հաղթանակից պարտություն ընկած ժամանակահատվածն իր մեջ պարունակում է մարդկանց, որոնք բաժանվում են երկու մասի՝ ժամանակի հետ կռվողներ եւ ժամանակին ստրկացածներ: Հենց այս կռվողների հաղթանակն էլ ժամանակի օգնությամբ պարտություն վաստակած ստրուկները հանձնեցին ժամանակին, որովհետեւ մոլորյալ մարդիկ ստրկամոլվելով սկսեցին հավատալ դատարկությանը, բարձր ձայն հանող ու ոչինչ չասող, արդարաղժժան, բայց շատ անարդար, նյութով ու փառքով իրենց վաճառած, թույլ ու փափկասուն ինչ-որ բաներին եւ իշխանավորեցին սրանց:

Ցավում եմ…

Սա գրածիս վերջն է, բայց նոր կյաքիս սկիզբը»,- գրել է նա: