Մգեցված ապակիներով վարելու համար վարորդները տուգանվում են
Մգեցված ապակիներով վարելու համար վարորդները տուգանվում են
«Ես վարորդ չեմ, մեքենա չունեմ, բայց օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ կոնկրետ առաջին օրերից, գիտեմ մարդիկ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր, որին կանգնեցրել, զգուշացրել են, իր ձեռքով պոկել է, բայց տուգանել են»:
Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով մգեցված ապակիների վերաբերյալ օրենքի կարգավորումներին:
«Մգեցված ապակիների հետ կապված վերջին շրջանում այնքան հաղորդագրություններ եղան, որ մարդիկ իրոք խճճվել են։ Մեկ մի բան ասացին, հետո՝ այլ բան։ Մարդիկ չգիտեն՝ հիմա տուգանվելու են, թե՞ չեն տուգանվելու։
Ես հիմա առաջարկում եմ, որ մարդկանց հստակ ասեն՝ խախտման համար տուգանվելո՞ւ են, թե՞ չեն տուգանվելու։ Թե չէ հայտարարություն է լինում, թե քնքուշ ենք վերաբերվելու, մեղմ ենք վերաբերվելու, բայց, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորին տուգանել են, ու կարծում եմ, որ լավ են արել, որ տուգանել են։ Օրենքն օրենք է բոլորի համար»,- նշեց Մանուկյանը:
Արձագանքելով՝ ՀՀ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ասեմ, որ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳ նախարարի մասնակցությամբ, և գտել ենք, որ այդ լարվածությունները չլինեն, նաև քաղաքացիների համար շատ անակնկալ չլինի:
Այս օրենքը ընդունվել է 2005 և 2007 թվականներին, չի կիրառվել երբեք, հիմա որոշվեց՝ գնանք այս կարգավորումներին, բայց առանց լարվածությունների»:
Խոսելով տուգանքի մասին՝ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ եթե մինչև վերջ նայեն, այնտեղ տուգանքի տողում գրված է՝ տուգանվում եք 0 դրամ: «Շատ դեպքերում, երբ որ ինձ բողոքում են, ասում եմ՝ մինչև վերջ կարդացեք, կարդում, գալիս են՝ դուք տուգանվում եք 0 դրամ»,- նշեց Քոչարյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ, համաձայնելով Մանուկյանի հետ, նշեց. «Այս հարցի հետ կապված, իրոք, տարաբնույթ ընկալումներ կան։
Իրականում ամսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառեին, իսկ վարչական օրենսգիրքը սահմանում է, որ դրա համար նախատեսված է տուգանք՝ 25 հազար դրամ։
Ամսի 31-ին Ներքին գործերի նախարարության հետ աշխատանքային ու մասնագիտական քննարկում է տեղի ունեցել, որի ընթացում որոշեցինք, որ նվազ հարկադրանքի միջոցներով պիտի հասնել ցանկալի արդյունքի»։
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ այսինքն՝ պատասխանատվության միջոց է նաև նախազգուշացումը, դիտողությունը: Որոշվել է, որ առաջին երկու օրերին կկիրառվի դիտողությունը, իսկ հետո՝ հիմնական տուգանքը։
«Դա համարվում է խախտում, հետևաբար մեր վարորդները պիտի հանեն ապակիների այդ թաղանթները։ Կոնկրետ պահին ոստիկանը որոշում կկայացնի՝ տուգանե՞լ, թե՞ նախազգուշացնել։
Հնարավոր է, որ մեղմացնող այնպիսի հանգամանքներ լինեն, որ ոչ թե տուգանի, այլ նախազգուշացնի, սակայն սա, կարծում եմ, շատ քիչ դեպքերում կհանդիպի, հիմնականում կիրառվելու է տուգանք»,- ասաց պատգամավորը: