«Մարդ չգիտի լա, թե խնդա այս խեղկատակների վրա»․ Անի Կարապետյան

Անի Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մարդ չգիտի լա, թե խնդա այս խեղկատակների վրա:

Այսօր ստացանք հերթական «ավետիսը»՝ վարչապետն ու Ազգային Ժողովի նախագահը շնորհակալագրերով պարգևատրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին, իսկ ոստիկանապետը «Մարտական զորակցություն» մեդալով պարգևատրել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Քաղաքական պատվերը, երևում է, լավ են կատարում, և լավ իրականացնում են «ֆաս» հրահանգը: Սա ուղղակի խայտառակություն է Հայաստան պետության համար, երբ օրը ցերեկով իրականացվում է ընտրովի արդարադատություն և հրահանգավորողները իրենց լպիրշ քաղաքականությունը չեն էլ փորձում թաքցնել:

Երկուսից մեկն է՝ կամ լպիրշության վկայություն է սա, կամ տգիտության, թեև չի բացառվում, որ տգետ ղեկավարները կարող են համատեղել լպիրշությունը: Արդյունքում ստացվում է մի յուրօրինակ շիլա-փլավ, որի հետևանքով տուժում է պետական ինստիտուտը:

Իսկապես որ, վերադարձել ենք հհշ-ական, ավելի ճիշտ՝ վանոյական ժամանակներ, երբ Սիրադեղյանը հայտարարում էր, թե Հայաստանում օրենքով գողեր չկան, միակ գողը ինքն է:

Այսօր էլ Փաշինյան Նիկոլն է իրեն միակ գող զգում, սակայն ի տարբերություն իսկական օրենքով գողին, նա թքած ունի թե՛ օրենքի, թե՛ Սահմանադրության, թե՛ հասկացողությունների վրա: Նա ընդամենը բեսպրեդելի և քաոսի հեղինակ է:

Վերադառնալով բուն թեմային՝ Քոչարյանին մեղադրող դատախազին պարգևատրելուն, նշեմ, որ սա հերթական շառաչուն ապտակն է ժողովրդավարության երեսին»: