Մանո Գրիգորյանի տոնական ֆոտոշարքը դստրերի հետ ու 2020-ը դիմավորելու տարբերակը. ֆոտոշարք

Մանո Գրիգորյանի տոնական ֆոտոշարքը դստրերի հետ ու 2020-ը դիմավորելու տարբերակը։ Դերասան Սարգիս Գրիգորյանի կինը՝ պարուհի Մանո Գրիգորյանը, Ամանորին ընդառաջ արդեն հասցրել է դուստրերի հետ տոնական ֆոտոշարք իրականացնել։ Սարգիսն այս անգամ չի մասնակցել ֆոտոշարքին:

Մանոն ամանորյա լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և պատմել տոնական օրերն աշխատանքային անցկացնելու, տոնածառը զարդարելու և դստրերի՝ Ձմեռ պապիկին անհամբեր սպասելու մասին։ 

«Այնպես էր ստացվում, որ վերջին տարիներին Ամանորի գիշերն աշխատանքի էինք լինում և չէր ստացվում ընտանեկան ավանդական տարբերակով նշել տոնը։ Այս տարի որոշել ենք ամբողջ ընտանիքով, մեր աղջիկները մեծանում են, սկսում են գիտակցել և զգալ մեր բացակայությունը։ Ողջ տարվա ընթացքում գերզբաղված, հագեցած գրաֆիկով ենք աշխատում և ուզում ենք, որ գոնե նման օրերին իրենց կողքին լինել։

Մանո Գրիգորյան

Այս տարի  ամսի 31-ի գիշերը կրկին աշխատելու ենք, սակայն լուծումը գտել ենք․ Սարգիսն ու Յանան լինելու են բեմին, իսկ ես ու Էվան՝ մեր ընկերների, տատիկ-պապիկների հետ, նույն ռեստորանում կլինենք հյուրի կարգավիճակով։ Կստացվի, որ միասին ենք նշում։  Մյուս օրերն անցկացնելու ենք ավանդական ձևով՝ ինչպես հայերիս մոտ ընդունված է, տանից տուն»,- ասաց Մանոն։

Մանոյի խոսքով՝ արդեն զարդարել են տոնածառը։ «Մեկ շաբաթ քաղաքում չենք լինելու՝ պատրաստվում ենք նախատոնական հանգստի մեկնել և որոշեցինք տոնածառը դնել, որովհետև երեխաներն էլ էին ուզում։ Մեզ մոտ տոնական տրամադրությունն արդեն սկսվել է։

Մանո Գրիգորյան

Տոնածառը զարդարելու հատուկ որևէ ձև չենք ընտրում, ուղղակի փորձում ենք ամեն տարի նոր խաղալիքներ գնել, անպայման տարվա խորհրդանիշ ենք ձեռք բերում, ըստ այդ տրամադրության, տունը միասին զարդարում ենք։ Իհարկե, մենք ունենք մեր սիրելի խաղալիքները, որոնք Յանան ու Էվան են ընտրել և ամեն տարի դրանք անպայման կախում ենք տոնածառից»,- ասաց նա։

Յանան և Էվան, ըստ մայրիկի, շարունակում են հավատալ Ձմեռ պապիկին։ Մանոն ծիծաղելով նշեց, որ զարմանում է, թե ինչպես են մինչև հիմա կարողացել թաքցնել իրողությունը․ «Մեր երեխաները, իսկապես, անմնացորդ հավատում են Ձմեռ պապիկին, սպասում են և նվերներ են ակնկալում։ Իհարկե մենք էլ ենք զարմանում, որ մինչև հիմա հավատում են, որովհետև ներկայումս դժվար  է փոքրիկներին  հեռու պահել իրականությունից»։

Մանո Գրիգորյան

Մանոն նշեց, որ երեխաներն անպայման նամակ են գրում Ձմեռ պապիկին, դա էլ ավանդույթի նման մի բան է դարձել․ «Նրանք պարտադիր նամակ են գրում Ձմեռ Պապիկին ու այնքան անհամբեր են սպասում, թե երբ է նա գալու, ինչ նվերներ է բերելու։ Ձմեռ պապիկն ամեն տարի պարտաճանաչ  կատարում է Յանայի և Էվայի ցանկությունները։ Այս տարի իրենք դեռ նամակ չեն գրել, բայց իրենց ցանկությունները բարձրաձայնել են»:

Աղբյուր՝ tert.am