Մահվան ելքով վրաերթ Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes ML-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջը

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes ML-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, 25-ամյա Արթուր Մանուկյանը՝ իր վարած Mercedes ML-430 մակնիշի ավտոմեքենայով, Արտաշիսյան փողոցում՝ թիվ 62 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրելի հատվածով անցնող կին հետոիտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:

Ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Մանվել Մուրադյանի, Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրը սահմանազատել են պարեկները և քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Գ. Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: