ՄամուլՇոու-բիզնես

Ձեր էդքան գիտելիքներով եկել եք էստեղ, որ ի՞նչ ցույց տաք. ծնողները բողոքում են Նաիրա Գյուրջինյանի վերաբերմունքից

Ձեր էդքան գիտելիքներով եկել եք էստեղ, որ ի՞նչ ցույց տաք. ծնողները բողոքում են Նաիրա Գյուրջինյանի վերաբերմունքից:

ArmDaily.am-ի խմբագրությունը բողոք-նամակ էր ստացել մի խումբ ծնողներից, ովքեր նշում էին, որ Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո իրենք հրաժարվել են երեխաներին այլևս այդ կենտրոն տանել։ 

Մեզ հետ զրույցում ծնողները նշեցին, որ խմբում երեխաները երգի պարապմունքներին գնում էին մեծ հաճույքով ու շտապելով, իսկ ռիթմիկայի պարապմունքին համոզելով ու չուզելով էին գնում։

«Կարծում եմ պատճառը մասնագետներն են և մոտեցումը երեխային։ Ծնողներից մեկը ցանկացել է ներկա գտնվել ռիթմիկայի պարապմունքին, որպեսզի հասկանա, թե ինչպես են անցնում պարապմունքները և ինչո՞ւ երեխաները չեն ցանկանում մասնակցել այդ պարապմունքներին։ Ուսուցիչը ասել է, որ չի թույլատրվում և կանչել է «Կամերտոն» խմբակի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանին, ով եկավ ու սկսեց գորգոռալ նախ տվյալ ծնողի վրա, հետո էլ բոլորի վրա»։

«Գյուրջինյանը դուրս եկավ ու սկսեց գոռալ բոլորի վրա, ասում էր, ի՞նչ եք վրա տալիս մասնագետին, գիտեք, որ ամենալավ մասնագետներն են աշխատում»։ Մատով բոլորին ցույց էր տալիս ու ասում. «դուրներդ չի գալիս կարող եք հենց հիմա ձեր երեխաներին վերցնել ու գնալ, ձեր էդքան գիտելիքներով եկել եք էստեղ, որ ինչ ցույց տաք, ինչ ասեք»,- ասաց ծնողներից մեկը։ 

Նա նաև նշեց, որ եթե ծնողների հետ է նման կերպ խոսում, ապա պատկերացնում է, թե երեխաները եթե սխալվեն, ինչպես կխոսեն երեխաների հետ կամ ինչպես կպատժեն. «Ես և իմ նման մի քանի ծնողներ այդ օրվանից հետո երեխաներին հանեցինք խմբակից, վախենալով, որ երեխաների վրա ևս կարող են հոգեբանական որևէ ճնշում գործադրել»։

Ծնողները նաև նշեցին, որ իրենց հետ ժողով երբեք չեն արել, չեն ասել, թե ինչպես են անցնում դասերը, չեն զգուշացրել, որ բաց դասեր են լինելու, որոնց ժամանակ էլ ծնողները կարող են տեսնել, թե ինչպես են անցնում պարապմունքները։ 

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Նաիրա Գյուրջինյանի հետ։ Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև նրա տեսակետը միջադեպի առնչությամբ։ 

Աղբյուր՝ armdaily.am

Կիսվել նյութով