Մամուլ

Ձեզ համար փակ են դռները. ամոթ և պարսավանք, Առաջին ալիք

Ձեզ համար փակ են դռները. ամոթ և պարսավանք, Առաջին ալիք

Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը եթեր չհեռարձակելուն։

«Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով»,- գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Կիսվել նյութով