ՀՀ վարչապետը և իր կինն իրենց տանը հյուրընկալել են Հայաստան այցելած ամերիկահայ աշակերտներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 24-ի երեկոյան իրենց տանը հյուրընկալել են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող Շամելյան հայկական ազգային վարժարանի սաներին: Հանդիպմանը ներկա են գտնվել են նաեւ վարչապետի երկու դստրերը` Շուշան եւ Արփի Փաշինյանները:

Ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ այցի ընթացքում դպրոցի մի շարք ուսուցիչներ եւ ծնողեր մոտեցել էին տիկին Հակոբյանին եւ պատմել, որ երեխաներն ամսվա վերջին այցելելու են Հայաստան եւ շատ են ցանկանում հանդիպել վարչապետ Փաշինյանին եւ նրա հետ զրուցել: Վարչապետն էլ սիրով համաձայնել էր հանդիպել երեխաների հետ:

Թեյի սեղանի շուրջ աշակերտները վարչապետից հետաքրքրվել են հայ-չինական հարաբերությունների, արտաքին եւ ներքին մարտահրավերների, սփյուռքի դերակատարության, արեւմտահայերենի պահպանության, Հայաստանում զբոսաշրջության զարգացման եւ կենդանիների պաշտպանության խնդիրների մասին:

Հարցերի գերակշռող մասը վերաբերվել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանն ու  ծավալվող հետագա զարգացումներին: Վարչապետը շեշտել է, որ հեղափոխության ամենամեծ արժեքն այն էր, որ որեւէ մարդ չզոհվեց եւ դեպքերը զարգացան խաղաղ ճանապարհով:

«Մեր սկզբունքն այն էր, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենար խաղաղ ճանապարհով: Մարդկային կյանքը շատ կարեւոր է մեզ համար եւ մենք չէինք կարող որեւէ նպատակի համար կյանք զոհաբերել»:

հյուրընկալել են

Աշակերտներից մեկը Աննա Հակոբյանին հարցրել է, թե ինչ զգացողություններ է ունեցել հեղափոխության օրերին եւ արդյոք չի վախեցել, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանը շեշտել է, որ ամուսնանալով Նիկոլ Փաշինյանի հետ, իմացել է, որ ամուսինը ըմբոստ է եւ միշտ պայքարելու է անարդարության դեմ: Նա շեշտել է, որ միշտ էլ իմացել է, որ լինելու են դժվարություններ, խնդիրներ:

«Ամուսնության ընթացքում եղել են հետապնդումներ, շատ փորձություններ, հատկապես, երբ ամուսինս ձերբակալված էր կամ ընդհատակում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը աշակերտներին հարցեր է ուղղել նաեւ վարչապետը: Թե ինչն են ավելի շատ հավանել հարցին աշակերտները պատմել են, որ Հայաստանն ավելի լավն էր, ավելի գեղեցիկ ու զարգացած, քան իրենք պատկերացնում էին: 13-ամյա Գեղոն Գասպարյանը պատմել է, որ շատ տպավորված է «Թումո» կենտրոնով, Շանթ Կուդնոյանն էլ ասել է, որ չորս տարի առաջ էլ է Հայաստան եկել, սակայն այժմ շատ փոփոխություններ է տեսնում:

Հայաստան այցելած

«Ի տարբերություն ԱՄՆ-ի, մարդիկ այստեղ բարի են, ժպտերես ու պատրաստակամ օգնել դիմացինին»,- ասել է նա:

Ապագայի հետ կապված ծրագրերի վարչապետի հարցին ի պատասխան, երեխաները նշել են, որ մտադիր են դպրոցն ավարտելուց հետո ընդունվել քոլեջ, այնուհետեւ համալսարան, լավ սովորել եւ կապը երբեք չկորցնել հայրենիքի հետ: