ՀՀ-ում դատական անկախ համակարգ չենք կարող ունենալ, առանց դատավորների աշխատավարձը հինգ-վեց անգամ բարձրանցնելու․ Փաշինյան

Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական, ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, սա նորություն չէ։ Բայց ինձ համար միանշանակ է եղել, որ ՀՀ-ում դատական անկախ համակարգ չենք կարող ունենալ առանց դատավորների աշխատավարձը հինգ-վեց անգամ բարձրանցնելու:

Բյուջեի կատարողականի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ որոշ ընկալումների։

«Անցյալ տարի ՀՀ-ում թերեւս առաջին անգամ դիտարկվել է երեւույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթում եղել է «նեդաբոռ», այսինքն՝ եղել են տեղեր, բայց պատշաճ հավակնորդներ չեն եղել։

Ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով, եկեք մեզ դնենք պոտենցիալ հավակնորդների տեղում․ գիտեն, որ կաշառք պիտի չվերցնեն, հակառակ դեպքում՝ կձերբակալվեն, գիտեն, որ բիզնեսով չպիտի զբաղվեն, հակառակ դեպքում կբացահայտվեն եւ կպատժվեն, գիտեն, որ պետք է ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ եւ պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման եւ այսպես շարունակ։

Հիմա դուք ձեզ հարց տվեք․ այս պայմաններում ո՞վ կուզենա լինել դատավոր։ Սա կարեւոր է, որովհետեւ երբ ասում ենք դատավորների աշխատավարձ, սկսում են հիշել կոռումպացված դատավորներին։ Ոչ, խոսքը նրանց մասին չէ, մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղերը զբաղեցնեն սկզբունքային, ողնաշար ու հավատ ունեցող, իրավունքին հավատացող մարդիկ, եւ այս կյանքի մասնագետներն այսօր մասնավոր սեկտորում ստանում են 200 հազարից ավելի աշխատվարձ։ Ո՞նց խնդրենք, բերենք դատավոր։

Իմ հավատը եղել է եւ է, որ առանց այս խնդրի լուծման մենք չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ։ Բարձր պրոֆիլի մասնագետը գա դատավոր աշխատի եւ չկարողանա իր երեխայի ուսման վարձը վճարե՞լ»,-մտահոգություն հայտնեց վարչապետը։