«ՀՀ առաջին դեմքը մի մարդ է, որը կառավարում է առանց պատասխանատվության, ու գնալով ախորժակը բացվում է»․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հոդված է հրապարակել «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: «Այսօր ՀՀ առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որևէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի և պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին։

Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Ու խոսքը դասական մամուլի մասին չէ, խոսքը հենց դեղին մամուլի մասին է: Նրա կառավարչական ոճում և սկզբունքներում ոչինչ չի փոխվել։

Պարզապես խմբագրության միկրոմիջավայրը տեղափոխել է ավելի մեծ աշխարհագրությամբ տարածք։ Եվ հիմա բոլորս ապրում ենք «Հայկական ժամանակ» երկրում, որն ունի 24 ժամվա ռիթմ ու հիշողություն։ Ճիշտ այնքան, որքան թերթի մեկ համարից մինչև մյուսը։ Հասարակությունն էլ բաժանվել է 3 մասի` լրագրողների, ընթերցողների և նրանց, ովքեր թերթ չեն կարդում:

Ինչպես թերթի խմբագիր եղած ժամանակ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում և չի պատրաստվում ո՛չ պատասխանատվություն վերցնել, ո՛չ էլ պատասխանատվություն կիսել։ Նրա գերխնդիրն է՝ պոպուլյար և պոպուլիստական արարքների մատակարարումը (նկատեք՝ ոչ որոշումների)։

Բայց դրաման այստեղ չի վերջանում. խնդիրն այն է, որ 24-ժամյա թերթային տրամաբանությամբ և տրամադրությամբ ապրում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ՀՀ քաղաքացիների զգալի մասը, ովքեր նույնպես Փաշինյանի հետ միասին չեն կիսում պատասխանատվություն, ապրում են փաշինյանական միֆականացված աշխարհում, առավոտյան կարդում են փաշինյանական բովանդակությունը, կողմնորոշվում՝ ում գովել, ում հայհոյել։

Այդպես մինչև հաջորդ առավոտ։ Եվ այստեղ որևէ կապ չունի, որ նախորդ համարի հերոսը նոր համարում հակահերոս է։ Դա է 24-ժամյա ռիթմի ամբողջ հմայքը։ Դու ամեն ինչ զրոյացնում ես ամեն առավոտ։ Եվ ամեն ինչ ու ամեն ոք ունի 24-ժամյա պիտանիության ժամկետ։ Հաջորդ առավոտյան ժամկետանց կդարձնես կամ կերկարաձգես։ Նայած նպատակահարմարության»։

Աղբյուր՝ hraparak.am