Հեքիաթային Նոր Զելանդիա. Երկիր, որն ամենաապահովն է

Հմտորեն կառուցված տնակներ, խնամված այգիներ, գեղեցիկ բնապատկերներ:

Նոր Զելանդիան աշխարհի ամենաուշ բնակեցված երկրներից մեկն է:

Այս հրաշալի գյուղական պատկերները ծանոթ են գրեթե բոլորին: Ամենահայտնի ֆիլմաշարերից մեկը՝ «Մատանիների տիրակալը» նկարահանվել է հենց այստեղ՝ Հոբբիթոն կոչվող գյուղում, որ գտնվում է Նոր Զելանդիա կղզում:

Նոր Զելանդիան հայտնաբերել է հոլանդացի ծովագնաց Ա. Թասմանը 1642 թ-ին, XVIII դարի 2-րդ կեսին հետազոտել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը: Այդ ժամանակ կղզիների բնիկները՝ մաորիները, դեռևս ապրում էին նախնադարյան համայնական կարգերում:

Նոր Զելանդիա

XIX դարում անգլիացիներն սկսեցին գաղութացնել Նոր Զելանդիան և 1840 թ-ին հայտարարեցին Մեծ Բրիտանիայի գաղութ: Եվրոպացիների հոսքը Նոր Զելանդիա հատկապես մեծացավ Հարավային կղզում ոսկու հայտնաբերումից հետո: 1907 թ-ին Նոր Զելանդիան ստացավ դոմինիոնի կարգավիճակ:

Նոր Զելանդիայի հիմնական բնակիչները նորզելանդացիները (85 %) և մաորիներն (9 %) են, բնակվում են նաև անգլիացիներ, շոտլանդացիներ, հոլանդացիներ, իռլանդացիներ և այլք: Խոշոր քաղաքներ են Վելինգտոնը, Քրայսթչերչը, Օքլենդը:

Մայրաքաղաք Վելինգտոնը հիմնադրվել է 1840 թ-ին: Ներկայիս Նոր Զելանդիան պատկանում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացած երկրների թվին: Գյուղատնտեսության զարգացման մակարդակով երկիրը չի զիջում այնպիսի պետությունների, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Կանադան: Զարգացման բարձր մակարդակի է հասել հատկապես անասնապահությունը:

Նոր Զելանդիայի յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում շուրջ 4 գլուխ խոշոր և ավելի քան 20 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Նոր Զելանդիան արտահանում է կարագ (1-ին տեղն աշխարհում), բուրդ (2-րդ տեղն աշխարհում), միս:

Նորզելանդական կարագը և միսը ներմուծվում են նաև Հայաստան: Մշակում են շաքարեղեգ, արքայախնձոր, ադամաթուզ, սուրճ, թեյ: Միայն Նոր Զելանդիայում է հանդիպում հատուկ մանրաթելային բույսը՝ նորզելանդական վուշը, կաղամբածառը (տերևներից հյուսում են պարաններ և ճոպաններ, իսկ արմատներում պարունակվող հյութից պատրաստում են ըմպելիք):

Հայերն առաջին անգամ Նոր Զելանդիայում հաստատվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Նրանք գաղթել են հիմնականում Եգիպտոսից, Լիբանանից, Իրանից՝ այդ երկրների անկայուն քաղաքական կացության հետևանքով:

Ներկայումս Նոր Զելանդիայում բնակվում է շուրջ 200 հայ: Հայերի մեծ մասը բժիշկներ են, թարգմանիչներ, ճարտարագետներ, կան նաև առևտրականներ: 1996 թ-ից գործում է Նոր Զելանդիայի հայկական միությունը, որի նպատակն է հայապահպանությունը և հայ մանուկների հայեցի դաստիարակությունը:

Ահա և Նոր Զելանդիայի մասին պատմող հրաշալի տեսանյութը՝

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am