Հերթական կրակոցները Երևանում. կա վիրավոր

Հերթական կրակոցները Երևանում. կա վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի մեծ թվով ծառայողներ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 02 բրիգադը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք: