«Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք». Ռոբերտ Քոչարյան

«Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք». Ռոբերտ Քոչարյան

Անելիքները շատ-շատ են. տնտեսության մասին շատ խորը բաներ չեմ ուզում ասել՝ ձեզ դեպրեսիայի մեջ չմտցնելու համար: Այս մասին իր աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրություններից հետո իր անելիքներին:

«5 հազար զոհ պատերազմից, մոտ 5 հազար զոհ այս համաճարակից. Անցած տարի ռեկորդային թվով զոհեր ենք ունեցել ավտովթարներից: Այս իշխանությունն ուղղակի մահ է բերում ամեն քայլափոխի: Ամեն ինչում ասում են՝ հա, մենք ի՞նչ անենք:

Պարզվեց պատերազմում մոդեռատոր են, կովիդի ժամանակ ասելու են՝ հո մենք բժիշկ չենք: Պանդեմիայի դեմ բժիշկը չի պայքարում, պետությունն է պայքարում: Պատերազմը ոչ թե բանակը, այլ պետությունն է վարում իր ողջ ռեսուրսներով:

Հիմա վարչապետը, գերագույն գլխավոր հրամանատարը, գոնե այդպես էր ասում պատերազմի ժամանակ, ինքը Օնիկ Գասպարյանի եւ Ջալալ Հարությունյանի գրասենյակի աշխատո՞ղն է եղել, մոդեռատո՞ր էր, թե ինչ էր:

Սա ուղղակի զավեշտ է: Պաշտոնյան, որը պատասխանատու է երկիրը ղեկավարելու համար, ասում է՝ ես մոդեռատոր եմ: Երբ մենք Տավուշում մարտական դիրք ենք գրավել, պարզվում է, որ ինքը կոորդինացնում էր մարտական գործողությունները: Այդպես է լինելու բոլոր հարցերում. Պատասխանատվությունից փախչող իշխանությունը օր առաջ պետք է զրկվի իշխանությունից:

Իշխանության հիմնական ֆունկցիան որոշում կայացնելը եւ դա իրագործելն է եւ պատասխանատվություն կրել այդ որոշումների հետեւանքների համար: Այն իշխանությունը, որ փախչում է պատասխանատվությունից, ինքն ասում է՝ ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, բայց ես իշխանություն չեմ, իմ հետ հուսյեր մի կապեք»,-ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ փորձելու են իր դեմ աշխատեցնել թեզը, որ Քոչարյանը մարտնչող է, եւ եթե գա իշխանության պատերազմ կհրահրի. «Մենք արդեն հիմա տեսնում ենք, որ իշխանության շուրջ գտնվող որոշ կերպարներ հնչեցնում են նման կարծիքներ: Ես ընդամենը կհիշեցնեմ, որ իմ պաշտոնավարման 10 տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները:

Այն ժամանակ, երբ 1998-ին եղավ իշխանափոխություն, հրաժարական տալուց առաջին նախագահն ասաց, որ խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս:

Ես վստահ եմ, որ ինքն անկեղծ այդպես էր մտածում, բայց եղավ ճիշտ հակառակը: Մենք ունեցանք ամենից խաղաղ 10 տարին Հայաստանում, ամենից քիչ զոհերն ունեցանք հակառակորդի կողմից շփման գծում: Հիմա ես գալիս եմ իշխանության առժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: Նաեւ բարեկեցիկ կյանք: Այդ 10 տարիների ընթացքում եւս ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին»,-ասաց նա: