Հեղափոխությունների մեծ մասում ժողովրդական զանգվածները իշխանության են բերում պոպուլիստների. Միքայել Մինասյան

Հեղափոխությունների մեծ մասում ժողովրդական զանգվածները իշխանության են բերում պոպուլիստների. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Մետա-ճշմարտության կոնցենտրացիան եւ խտությունը կտրուկ ավելացնում է սոցիալական ճգնաժամերի ժամանակ։ Հեղափոխությունները, պատերազմները, կրոնական առճակատումները այն սթրեսներն են, որոնք պահանջում են մարդկանցից մեծ ծավալով տեղեկատվության օգտագործում, քննադատական մտածողություն եւ քաղաքական դիրքորոշումների համադրում։

Հենց այդ պատճառով նման իրադարձությունները գրավում են իմ ուշադրությունը եւ դյուրացնում անալիտիկան։ Ուկրաինական ճգնաժամը, այդ մասով ասում եմ ցավով, եզակի հնարավորություն է՝ հիպոթեզները դիտարկելու եւ ստուգելու համար։ Հեղափոխությունների մեծ մասում ժողովրդական զանգվածները իշխանության են բերում պոպուլիստների՝ վերնախավերի հանդեպ ունեցած ատելությունից դրդված։

Չնայած ակադեմիական կանոնը պահանջում է, որ այստեղ կիրառենք «դժգոհություն» բառը, սակայն էությունը հենց ատելությունն է։ Մարդիկ ատում են, մասամբ գործերի պատճառով, իշխանություններին եւ փնտրում են գործիք, որպեսզի իշխանամետ վերնախավերին պատժեն։ Որոշ ժամանակ անց արդեն ատելությունն առ նոր վերնախավերը հասնում է իր առավելագույն մակարդակին եւ հեղափոխական ցիկլը կրկնվում է։

Մահացու պարույրը նկարագրում է հերթական հանգրվանը՝ հեղափոխության հերթական կրկնությամբ, ամեն հաջորդ անգամ թուլացնելով պետությունը, ստեղծելով ինչպես ներքին սպառնալիքներ, այնպես էլ արտաքին քաղաքական բնույթի սպառնալիքներ, թուլացնելով ու քայքայելով ինստիտուտները, հանգեցնելով անխուսափելի, եւ ցավոք՝ անդառնալի, արտաքին քաղաքական եւ աշխարհաքաղաքական կորուստների։

Այլ խոսքերով ասած՝ ցանկացած հեղափոխություն, քողարկվելով կոնտր-վերնախավային կարգախոսներով, ցնցում է պետության հիմքերը, նրան վնաս հասցնելով։ Ընդ որում, հեղափոխականներն իրենց համարում են վիրաբույժներ, իսկ հակահեղափոխականները հեղափոխականներին համարում են դաժան եւ անսկզբունք դուրսպրծուկներ։

Սուրբ Գրական ժամանակներից մինչեւ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, առաջնորդները, թագադրության արարողության շրջանակներում, անհրաժեշտություն ունեին ստանալու իշխանության աստվածային աղբյուրի հաստատումը։

Ներ ժամանակները ստեղծագործաբար են վերաիմաստավորել հին հռոմեական Vox populi, vox Dei խոսքը, ժողովրդին օժտելով Աստվածային զորությամբ եւ հարկադրելով վերնախավներին պոպուլիզմի։ Հաճախ կեղծ-դեմոկրատական առաջնորդները փնտրել են Եկեղեցու աջակցությունը։

Հիշենք թեկուզ Նապոլեոնին, ով ստացել էր իր թագը Հռոմի Պապից եւ արժանացել Ստենդալի թունոտ հետեւյալ արտահայտությանը․ «կրենը, թագավորելու համար օծում է բռնապետությունը, ընդ որում, այդ ամենը անուն է հանուն մարդկանց»։ Սակայն ժամանակի հետ հեղափոխական առաջնորդները դադարում են այնպիսի մանրուքներին տուրք տալը, ինչպիսին թագադրությունն է, իրավունք վերապահելով իրենց՝ ըստ իրենց հարմարության մեկնաբանելու հին հռոմեական այդ խոսքը։

Ինքնակալի մեղքից զերծ լինելու բյուզանդական ավանդությունը, որը հիմնվում է իշխանության աստվածային սկզբնաղբյուրի վրա, վերափոխվել է ժողովրդի՝ անսխալականության, խլելով աստվածային իշխանության իրավունքը միապետական վերնախավներից եւ եկեղեցուց։

Ինստիտուտցիոնալացված պոպուլիզմը, բազմապատկված ժողովրդական զանգվածների հավիտենական թերուսությամբ, ծնունդ է տվել թերեւս ամենից վտանգավոր եւ քայքայիչ պետական կառուցվածքի բանաձեւի՝ «ժողովուրդը միշտ ճիշտ է»։

Այդ բանաձեւը առնվազն հարմար է պոպուլիստ ինքնակալներին, քանի որ մշտական հղումը ժողովրդի ճշմարտացիությանը եւ անսխալականությանը, երաշխավորեում է պոպուլիստների համար իշխանության ղեկին գտնվելը։

Ու եթե մինչեւ վերջերս պոպուլիստները զանգվածների ուղեղներին հասնելու համար կարիք ունեին միջնորդների, ասենք մամուլի, ապա հիմա, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ, այդ հասանելիությունը դարձել է անմիջական ու չդադարող։ Մետաճշմարտությունը այսօր արտադրվում է եւ կիրառվում 24/7 ռեժիմով»։

Հեղափոխական մետաճշմարտության հնարքները պարզ են՝ հեղափոխական իշխանությանփոքրիկ ձախողումները իշխանությունները բացատրում են ներքին եւ արտաքին իշխանությունների լարած թակարդներով, չդադարող, եւ ցավալիորեն միշտ հաջողված վհուկների որսը միայն հաստատում է նախապես հայտարարված՝ ժողովրդի միշտ ճիշտ լինելու ելակետային գաղափարը։ Իսկ եթե ձախողումները նշանակալի են, ապա գործի են դրվում ֆատալիզմը եւ դավադրապաշտության տեսությունները։

Համաճարակի ժամանակ առողջապահության համակարգի անգործությունը վերագրվում է այն բանին, որ մահերը անխուսափելի էին, սանձազերծված պատերազմը՝ այն բանին, որ թշնամին արյունարբու էր, դաշնակիցները ոչ հուսալի, տնտեսության մեջ եղած ձախողումների մեղավորն էլ օլիգարխային վերնախավներն էին։ Աղետի դեպքում էլ հայտարարվում էր, որ նախկին վերնախավները հստակ գիտակցել են մոտալուտ աղետն ու կանխամտածված հանձնել իշխանությունը, որպեսզի ժողովրդի սիրելին դառնար մեղավորը։ Սակայն վերադառնանք մեր օրեր։

2004 թվականին Ուկրաինացի ժողովուրդը իր  սեփական ճշմարտացիության եւ անսխալականության հանդեպ ունեցած անխորտակելի ինքնավստահությամբ, իշխանության է բերում կոնտր-վերնախավերի։

Կոնտր-վերնախավների իշխանությունը քաղքենիներին հուշում է, որ հենց կոնտր-վերնախավներն են, որ ի զորու են լինելու պատժել բոլոր վատերին, ովքեր ոչ բավարար կերպով են հարգում ժողովրդի ճշմարտացիության եւ անսխալականության սկզբունքը։

Մեղավորների հավիտենական փնտրտուքը Ուկրաինայում, իսկ այնտեղ առավել քան մեղավորներ կան՝ Պուտինը եւ կամ Ռուսաստանը, օլիգարխները, ռուսալեզուները եւ այլք, ծնունդ են տվել քաղաքական յուրահատուկ դասակարգի, եւ ոչ պակաս եզակի պոլիտիկումի, որոնք մրցում են մեղքը կամ պատասխանատվությունը այլոց վրա բարդելու մեջ։ Կոնտր-վերնախավային ամեն մի հաջորդ նախագահի ընտրությունը բերել է կորուստների։

Հետեւողական եւ չդադարող կոնտր-վերնախավային սելեկցիան է իշխանության բերել Վլադիմիր Զելենսկուն, ով իրապես նոր խոսք է ասել էլեկտորալ տեխնոլոգիաներում՝ խաղալով կոնտր-վերնախավային, «ժողովրդից ծոցից ելած» նախագահի՝ նախընտրական սերալում։ Երկիրը սկսում է ղեկավարել մեկը, որի միակ նպատակը այն էր, որ լավ էր խաղացել ժողովրդական նախագահի դերը։ Էլեկտորատը աստվածացնում է նախագահին եւ չի նկատում տարբերությունը, որ կա դերասանի եւ դերի միջեւ, քնելով ու արթնանալով այն մտքով, թե ինչպես է գնդակահարում իրեն ոչ պիտանի, հետեւաբար նաեւ ժողովրդի համար ոչ պիտանի պառլամենտին։

Մետա ճշմարտության արդյունավետ տիրապետումը ստեղծել է Ուկրաինայում բացասական բնական ընտրության իրավիճակ քաղաքականության մեջ, եւ պոպուլիզմի ոլորտում մրցարշավը ամեն անգամ նախագահի աթոռին բազմեցնում է մեկին, ով միայն ժողովրդի առաջ ճառ ասել գիտի, սակայն ոչ մի լուրջ խնդիր լուծել չի կարողանում։ 2004 թվականից սկսած Ուկրաինայի ամեն հաջորդ նախագահը ավելի մեծ պոպուլիստ էր, քան նախորդը։ Եւ 2004 թվականից սկսած՝ ամեն հաջորդ նախագահն իր հաջորդին ավելի թույլ երկիր է փոխանցել, քան ստացել է։

Պոպուլիզմի գագաթնակետ է դառնում Վլադիմիր Զելենսկին, ում կառավարման շրջանում Ուկրաինան ռազմական հակամարտության մեջ մտավ Ռուսաստանի հետ եւ կորցրեց իր սուբյեկտայնությունը։

Սակայն եթե ուսումնասիրենք ներքաղաքական իրողությունները, ապա կհասկանանք, որ Ուկրաինայի բոլոր դժբախտությունների մեղավորները բոլորն են, բացի «Ժողովրդի ծառաներից», եւ ժողովրդից, որը ընտրել է իր ծառաներին։ 2004 թվականից Ուկրաինայում ժողովուրդն ընտրում է նախագահների, որոնց կարճ ժամանակ անց սկսում է ատել։

Եւ այդ նախագահների կառավարման արդյունքները՝ ողբերգական են։ Նրանց կառավարումը բերում է ուկրաինական պետության թուլացման, ընդհուպ մինչեւ ուկրաինական պետականության ոչնչացման սպառնալիքի։ Եւ հիմա արդեն ժամանակն է մտածելու այն մասին, թե ինչպես է եղել, որ ուկրաինացի ժողովուրդը, որ համաձայն լիբերալ կանոնների, ամեն բանում միշտ ճիշտ է, եւ չի կարող սխալվել, արդեն տասնութ տարի ընտրում է նրանց, ովքեր քայքայում են ուկրաինական պետականությունը»։