Հեղափոխությունից հետո վարչապետի հազը բուժած ֆրանսիացի բժիշկը տեղափոխվում է Հայաստան՝ մշտական բնակության

Հեղափոխությունից հետո վարչապետի հազը բուժած ֆրանսիացի բժիշկը տեղափոխվում է Հայաստան՝ մշտական բնակության

Armtimes.com-ը գրում է․ Ֆրանսիացի հայազգի բժիշկ Գեւորգ Աբգարյանը պատրաստվում է ամռանն ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

Փարիզից Երեւան տեղափոխվելու որոշումը նրանք կայացրել են թավշյա հեղափոխությունից հետո:

Բժիշկը, ի դեպ, հետհեղափոխական շրջանում բուժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազը, որին «հաղթել» մասնագետները տեւական ժամանակ չէին կարողանում:

Գեւորգ Աբգարյանն առաջին անգամ Հայաստան է եկել 88-ի երկրաշարժից հետո եւ այդ առիթով՝ մասնագիտության բերումով: Բայց, ասում է, հայրենիքին միանգամից է սիրահարվել:

Ու մինչեւ այժմ սերտորեն համագործակցում է տեղի բժիշկների հետ, նաեւ Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում ուռուցքաբանության բաժանմունք է հիմնել, որը կրում է վաղամեռիկ կնոջ անունը:

Բժշկի հետ զրուցել ենք ոչ միայն Երեւանում հաստատվելու որոշման պատճառների, այլեւ առողջապահության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի շուրջ:

— Պարոն Աբգարյան, ինչպես եղավ, որ որոշեցիք մշտական բնակության տեղափոխվել Հայաստան:

— Հետաքրքիր է, չէ, Փարիզը թողնել ու գալ Հայաստան՝ մշտական ապրելու… Ում ասում եմ՝ ասում են` դու գիժ ես: Սա իմ երազանքն էր, որը երկար ժամանակ ի վեր ուզում էի իրականացնել, բայց վախենում էի, որ սխալ քայլ լինի: Ու առիթը հեղափոխությունը եղավ:

Մտածեցի, որ ճիշտ ժամանակն է՝ ամեն ինչ պատրաստեմ, թողնեմ ու գամ Հայաստան, որովհետեւ նոր իշխանություններին վստահեցի՝ մանավանդ պարոն Փաշինյանի հետ շփվելով: Դե, ինքը հազում էր, հիշում եք այդ պատմությունը: Ես իր հազը կարծես բուժեցի:

Այդ ժամանակ էլ ճանաչեցի: Կնոջս առաջարկեցի՝ ուզո՞ւմ ես գնանք, մեր երեխային մեծացնենք Հայաստանում: Ասացի՝ սա իմ երազանքն է: Կինս ասաց՝ լավ: Ու որոշեցինք, որ ճիշտ ժամանակն է եւ տեղափոխվում ենք: 86 օր մնաց մեր տեղափոխվելուն:

— Շատ բժիշկներ էին փորձել վարչապետի հազը բուժել: Նույնիսկ արդեն բազմաթիվ քաղաքացիներ էին, անհանգստանալով, իրենց դեղատոմսերն առաջարկում: Ձեզ ի՞նչ միջոցով հաջողվեց դա անել:

— Մի բան եմ նկատում Հայաստանում. երբ որ իշխանությունների բժիշկն ես, վախենում ես շատ բաներ անել: Այսինքն՝ արդյոք անտիբիոտիկը երկո՞ւ օր տամ, թե՞ տասներկու: Իսկ մենք չենք վախենում դրանից: Եթե բուժում ես մի հիվանդի, չես նայում՝ վարչապետն է, պրեզիդենտն է, սա է կամ նա է: Իմ արածը միայն այն էր, որ երկարատեւ բուժեցի:

Սակայն ես մի լավ ընկեր ունեմ Փարիզում, իրեն զանգեցի, խորհուրդ հարցրի, հետո այստեղի բժիշկների հետ հավաքվեցինք, մեր առաջարկը ասացի իրենց, ընդունեցին՝ հանձին պարոն Քուշկյանի, որը ղեկավարում էր այդ կոնսիլիումը:

Պարոն Քուշկյանը միշտ ինձ թիկունք է կանգնում, որ բուժումներս անվախ անեմ: Այդպիսով ստացվեց, վարչապետը բուժվեց, տեսաք: Բուժումը սկսեցինք, երկու օր հետո երկու ժամանոց մի ելույթ ունեցավ պառլամենտի առաջ, ու շատ լավ ստացվեց՝ առանց հազալու: Անշուշտ, ես շատ ուրախացա, որ կարողացանք բուժել:

— Դեռ տարիներ առաջ դուք խոսում էիք ծխելու դեմ պայքարի պետական ծրագրերի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ ծխելը քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից է: Այսօր արդեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատերազմ է հայտարարել ծխելուն: Շատերը նրա մոտեցումները համարում են ծայրահեղական ու ագրեսիվ: Դո՞ւք ինչ եք կարծում:

— Ես կարծում եմ, որ միանշանակ այդ որոշումը, այդ կանոնը պետք է մտնի մեր կյանքի մեջ: 2019 թ. մենք այստեղ բուժել ենք քաղցկեղով 300 հիվանդ: Սրա 30 տոկոսը թոքի քաղցկեղ է: 30 տոկո՛սը: Դա մեծ թիվ է: Մենք տեսնում ենք, որ սա ծխախոտի հետ ուղիղ կապ ունի:

Ու հայ ժողովուրդը պետք է հասկանա՝ մեզ թուրքերը կոտորել են, սակայն մենք իրար չկոտորենք: Գնում եք, մի ռեստորանում նստում եք, կողքի մարդը գալիս է, մեկը մյուսի հետեւից սկսում է ծխել: Ու մեր այդ ընթրիքը փչացավ: Մենք դառնում ենք պասիվ ծխող:

Երեկ եկա Դուբայից, այստեղ սկսեց կոկորդս այրվել: Այդ պայքարը պետք է տանել: Ով արեց դա, նա հաջողեց: Ֆրանսիայում թոքի քաղցկեղի քանակը հսկայական չափով նվազել է, որովհետեւ մեծ պայքար գնաց:

Ոչ մեկը չէր հավատում, որ այդ կանոնը կանցնի, ռեստորանների մեջ ծխելը կարգելվի: Նայում եմ, անգամ Թուրքիայում կա այդ կանոնը:

Հայաստանում անպայման պետք է արգելել հանրային վայրերում ծխելը: Պետք է բոլոր հայերն իմանան, որ սա շատ վտանգավոր բան է: … Ծխո՞ւմ եք:

— Չէ:

— Չծխեք:

— Չարորակ նորագոյացությունների վիրահատությունն ամբողջությամբ պետական պատվերով իրականացնելու ծրագիրը բողոքի ալիք բարձրացրեց (հիմնականում պետական բուժհիմնարկներում աշխատող բժիշկների շրջանում): Ձեր դիտարկումներով՝ ծրագիրն իսկապե՞ս խնդրահարույց է:

— Ես կարծում եմ, որ շատ լավ ծրագիր է: Միայն դա չպիտի լինի: Հուսով եմ, որ քիմիաթերապիան, ճառագայթային բուժումն էլ մի օր ամբողջությամբ անվճար կդառնան: Ֆրանսիայում առաջին կինս հիվանդացավ, այդ րոպեից սկսյալ մենք մի կոպեկ փող չենք ծախսել:

Հնարավորությունը ունեի, սակայն ապահովագրությունը 100 տոկոս վերցնում է իր վրա: Դրա համար նորից շնորհավորում եմ ու շնորհակալ եմ Արսեն Թորոսյանին, որ այսպիսի քայլ արեց: Անշուշտ, մի քանի բժիշկ գոհ չպիտի մնա, որովհետեւ ինքը մի քիչ փող էր աշխատում:

Էլի մեր ժողովուրդը իր բժշկին միշտ լավ կպահի: Մեր ժողովուրդը այդպես եկել է, այդպես էլ կգնա: Ես գնահատում եմ այդ ծրագիրը եւ ցանկանում եմ, որ շարունակությունը լինի:

Ուրիշ մի լավ բան արեց կառավարությունը ինսուլտների դեպքում: Երեկ 35 տարեկան մի աղջկա ինսուլտից փրկեցին: Այդ նոր դեղը որ սրսկում են, իսկապես շատ լավ արդյունք տվեց, աղջիկը փրկվեց:

Նախկինում գալիս էին, ամբողջ ծախսերը մնում էին հիվանդանոցի, իրենց ընտանիքների վրա: Հիմա անվճար այդ թանկարժեք դեղը սրսկում են եւ վերջ: Հսկա քայլ է դա: Ոչ մեկը չի խոսում այդ մասին:

Պետք է խոսել, պետք է շնորհավորել կառավարությանը, վարչապետին, նախարարին, որովհետեւ այս հիվանդության պատճառով Հայաստանում շատ մարդկանց տների ծուխը մարում էր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում