ՄամուլՏեսանյութ

«Հաց չկար, որ ուտեր, պոպոք էի տալիս, որ խաղա, չլացի». ամուսնուս վերջին հրաժեշտ տալու հնարավորություն չեմ ունեցել

Մանեն հյուրասենյակի պահարանից վերցնում է հոր զինվորական հագուստով լուսանկարը, համբուրում և ասում․ «իմ պապան է»։ Երկամյա աղջնակը փնտրում է հորն ամենուր։ Մայրն ասում է, երբ եղբայրները տուն են գալիս Մանեն էլ եղբոր երախաների հետ քեռիներին «պապա» է ասում։

Արցախցի Հերսիլեն երկամյա դստեր հետ միայնակ է մնացել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից միայնակ մայր դարձած Հերսիլեն դստեր՝ Մանեի հետ  անցնում է դժվարությունների միջով, որոնք վերջ չունեն։ Կրակոցների ժամանակ ստիված են եղել լքել իրենց տունը՝ Ճարտարում։ Փրկվելու միակ տարբերակը երեխան գրկին քայլելով կիլոմետրորով ճանապարհ անցնելն էր։

«Ճարտարից ոտքով գնացինք Խնուշինակ, Մանեն լացում էր ձայներից, ամուր ինձ էր գրկել։ Եղբայրս ու իր կինն էլ էին մեզ հետ, երեխային գրեկելով՝ հազիվ գնացինք»,- Forrights.am-ի հետ զրույցում հիշում է Հերսիլե Առուստամյանը։

Այդ օրերին բոլորի նման Հերսիլեն դստեր հետ անցկացրել է նկուղներում։

Հերիսիլեի ամուսինը՝ Նվերը, զինծառայող էր։ 19-ին առավոտյան էր եկել տուն, մեկ ժամ անց դիրքերից կանչել էին, արագ հագել է զինվորական համազգեստն ու գնացել՝ հրաժեշտ չտալով դստերնն ու կնոջը։ «Ամուսնուս հետ էլ կապի դուրս չեկա, այդ երկու օրը լույս չկար, չէ չենք խոսել, կապ չկար։ Զանգում էի՝ անհասանելի էր»։

Նվերը ծանր մանկություն է ունեցել, մեծացել է առանց ծնողների։ 30-ամյա զինվորականն ապրում էր իր երազած մանկությունը դստեր համար ստեղծելու նպատակով։ Նվերը դիրքերում զոհվել է տանից դուրս գալու օրը։ «Մանեն այդ օրը չէր քնում, միշտ շուտ էր քնում, այդ օրն անհանգիստ էր, երևի սիրտը զգում էր»։

Հերսիլեն օրեր շարունակ ամուսնուց տեղեկություն չի ստացել։ Խնուշինակում մի բլուր կա, որի վրա կանգնելով հնարավոր է լինում հեռախոսային կապ ստանալ ու զանգել, Հերսիլեն որոշել է գնալ այնտեղ, որպեսզի կարողանա ամուսնու մասին տեղեկություն ստանալ։

«Ուզում էի անտառի  միջով գնալ, մանան ասաց՝ մի գնա, մի գնա, Նվերը էլ չկա»։

Նվերին հուղարկավորել են ճարտարում։ Կինն ամուսնուն վերջին հրաժեշտ տալու հնարավորություն չի ունեցել։ Ճարտարից բռնի տեղահնված արցախցիները մեզ հետ զրույցներում պատմում էին, որ հուղարկավորությունները գիշերն էին անում, անձայն, առանց լացի, թշնամին կարող էր նկատել ու ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել։

«Գիշերը ժամը 12-ին գնացին, չորսին եկան։ Շատ էի զում գնալ»,-ցավով ասում է Հերսիլեն և նշում, որ ամուսնու մահվան 7-րդ օրն էլ չի կարողացել այցելել շիրիմին, քանի որ գյուղապետն ասել է՝ պետք է լքեն գյուղը։

Ամուսնու կորստյան և հայրենիքը լքելու ցավերին ավելացել է գաղթի ճանապարհի դժվարությունները։ Երկամյա Մանեի համար հացի խնդիր է առաջացել։ «Հաց չկար, որ ուտեր, պոպոք էի տալիս, որ խաղա, չլացի»։

Հերսիլեն դստեր հետ այժմ բնակվում է Բագրատաշենում։ Նա աջակցության կարիք ունի, երեխային կարիքները միայնակ չի կարողանում հոգալ, աշխատելու հնարավորություն չունի։

Մանրամասները՝ Forrights.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով