Հասկացել եմ, որ երբեմն «արյունը ջուր է դառնում». անկեղծ զրույց Լիլիթ Կարապետյանի հետ․ ֆոտո

Հասկացել եմ, որ երբեմն «արյունը ջուր է դառնում»: 90-ականներից հայտնի երգչուհին կարծում է, որ հիմա շատ հեշտ է երգիչ դառնալը, քանի որ տեխնիկական բոլոր հնարավորությունները կան, որ թեկուզ վատ երգածը դառնա իդեալական. ընդամենը գումար է անհրաժեշտ: Sputnik Արմենիան զրուցել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ:

-90-ականներին Դուք Ձեր հայտնիության գագաթնակետին էիք: Հեռուստատեսային հաղորդումներ, իրար հաջորդող տեսահոլովակներ, իսկ այժմ ավելի շատ ակումբներում եք երգում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Յուրաքանչյուր արտիստի կյանքում լինում են հայտնիության վերելքներ և ավելի հանգիստ շրջան: Լռությունս, սակայն, իմ ցանկությամբ չեղավ: Իմ և եղբորս՝ Կարեն Կրաապետյանի երաժշտական ուղին սկսվեց «Արձագանք» ստուդիայից: Մենք երգում էինք մեր գրած երգերը, եղբայրս նաև գործիքավորում էր:  Այն ժամանակ համերգներ էինք տալիս լեփ-լեցուն դահլիճներում: Եղավ պահ, որ մենք դուրս եկանք «Արձագանք» ստուդիայից, իսկ թշնամիները շատ էին: Մեր բոլոր ճանապարհները փակում էին, եթերներից զրկված էինք, և մենք դարձանք արգելված երգիչներ:

«Սև ցուցակի» առաջին հորիզոնականում լինելն ինձ խանգարեց մեծ բեմերում ելույթ ունենալ, իսկ ես ապրելու խնդիր ունեի լուծելու: Այդ էր պատճառը, որ սկսեցի ակումբներում երգել:

Լիլիթ Կարապետյան

– 90-ականների համեմատ այժմ հայտնի դառնալը հեշտացել է, և շատերն են նոր տեսահոլովակներ նկարահանում: Դուք ստեղծագործական ի՞նչ նորություններ  ունեք:

-Այժմ սպասում եմ նոր երգի: Կլինի նոր տեսահոլովակ: Համոզված եմ, որ այժմ սկսնակ երգիչների համար ավելի հեշտ է հայտնի դառնալ ու սիրվել, քանի  որ տեխնիկական բոլոր հնարավորությունները կան, և եթե ունես գումար և լավ թիմ, շատ հեշտությամբ կարող ես առաջ գնալ: Իսկ մեզ համար դժվար է, որովհետև մեր արած աշխատանքը չպետք  է զիջի նախորդին, մեզնից ակնկալիքներն ավելի մեծ են:

-Մի անգամ ասել եք, որ կյանքը հարվածում է շատ ուժեղ մարդկանց: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր կարծում են, որ կյանքը կոտրել է իրենց, և ուժ չունեն իրավիճակը հաղթահարելու: Նման պահերին ի՞նչն է Ձեզ ուժ տվել:

-Իմ կյանքում երկու դժբախտություն եղավ. 24 տարեկան էի, երբ կորցրեցի իմ սիրելի տղամարդուն և եղբորս: Այդ ժամանակ ես վշտի մեջ էի և ուժասպառ էի եղել: Նման պահերին է, որ վերևից կարծես գերբնական ուժ է տրվում մարդուն: Ես մտածում էի, որ եթե իմ եղբայրը ողջ  լիներ՝ կպնդեր, որ ես երգեմ: Դա ինձ ուժ տվեց, և ես շարունակեցի երգել:

Լիլիթ Կարապետյան

– Երբեմն հայտնվում եք սոցցանցային քննադատությունների կիզակետում: Նման իրավիճակներում նեղսրտո՞ւմ եք, թե՞ արհամարում:

-Բնականաբար, նման քննադատությունների մեծ մասն ուղղորդված են: Միայն ատում եմ, երբ անձնական վիրավորանք են հասցնում մեկնաբանության միջոցով: Ես համարում եմ, որ նման մարդրիկ ներքուստ շատ չար են: Երբեմն դիտավորյալ գրում են բաներ, որ մարդու սրտին ցավ պատճառեն: Երբ նոր էի գրանցվել սոցցանցերում, եղել են պահեր, որ շատ ծանր եմ տարել, բայց հետո հասկացա, որ դրանով ինձ եմ վնասում: Հիմա  մեծամասամբ աչք եմ փակում այդ մեկնաբանությունների վրա:

-Նշել եք, որ Ձեր անձնական կյանքը տանուլ եք տվել հանուն երգի: Հիմա է՞լ եք այդպես մտածում:

 -Իհարկե այդպես եմ մտածում: Երկու անգամ իմ անձնական կյանքը տանուլ եմ տվել հենց երգել-չերգելու հետ կապված և չեմ փոշմանում: Ես համարում եմ, որ երգելը վատ բան չէ, ընդհակառակը՝ ես մարդկանց ուրախացնում եմ, դա էլ իմ առաքելությունն է: Ես հանուն երգի այնքան զոհաբերությունների եմ գնացել. եթե ես երգչուհի չլինեի, հիմա ամուսնացած էլ կլինեի, ևս մի քանի երեխա էլ կունենայի, բայց չգիտեմ` երջանիկ կլինեի, թե ոչ:

Լիլիթ Կարապետյան

-Ի՞նչ է երեխան փոխում կնոջ կյանքում:

– Երեխան փոխում է ամեն ինչ: Որդիս արդեն 10 տարեկան է, և նա 10 տարի ինձ ուժ է տալիս ապրելու համար: Եթե մինչև երեխայիս ծնվելը շատ հարցեր ինձ համար մեծ խնդիր էին, հիմա անգամ ծիծաղս է գալիս:

-Երկու տարի առաջ, երբ Ձեր որդին՝ Կարենը երգեց Ձեզ հետ միասին, ի՞նչ զգացիք:

-Մարդու միտքը ուժ ունի, և այն կապված է տիեզերքի հետ: Ես դեռ չգիտեի, որ երեխա եմ ունենալու, բայց երազ տեսա, որ տղա է ծնվելու: Ես  անգամ երեխայի սեռի մասին չէի մտածում, ես վստահ էի, որ տղա եմ ունենալու, որ Կարեն է ծնվելու: Ես գիտեի, որ եղբայրս վերածնվելու է իմ որդու միջոցով: Խորհուրդ եմ տալիս բոլոր ապագա մայրիկներին, որ լավը մտածեն, որ երազեն հղիության ընթացքում, որովհետև ամեն ինչ կատարվում է:

-Եղավ մի պահ, որ Ձեր որդին չէր ցանկանում որևէ կապ ունենալ իր հոր՝ Դավիթ Թուջարյանի հետ: Հինգ տարվա դադարից հետո այժմ Ձեր որդին տեսնվում է հոր հետ: Ինչպե՞ս դա եղավ:

-Միշտ նեղսրտում եմ, որ մարդիկ ենթադրություններ են անում և մեղադրում՝ չպատկերացնելով, թե նման իրավիճակում իրենք ինչպես կվարվեին: Իմ որդին իսկապես չէր ցանկանում տեսնել իր հորը: Անցան տարիներ: Դավիթն ինձ զանգահարեց, մենք խոսեցինք, և ես որդուս համոզեցի, որ տեսնի իր հայրիկին, բայց այնպես չի, որ հիմա չեմ համոզում: Իմ կյանքի փորձից հասկացել եմ, որ երբեմն «արյունը ջուր է դառնում», որովհետև երեխան միշտ ուշադրության կարիք ունի:

Լիլիթ Կարապետյան

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։