Հայրենական պատերազմում անհետ կորած համարվող 711 հայերի ճակատագիրը հայտնի է. Տեսանյութ

Հայրենական պատերազմում անհետ կորած համարվող ՀՀ 711 քաղաքացի իրականում փաստացի զոհված է։ Հայտնի է նույնիսկ նրանց մեծ մասի հուղարկավորման վայրը և ճակատագիրը՝ գերմանական համակենտրոնացման ճամբարներում։ Բոլոր զինվորների անվանական տվյալները շուտով կհրապարկվեն։

Տվյալների որոնողական աշխատանքներն իրականացրել են «Անվան վերադարձը» միջազգային նախագծի անդամները, կամավորները, ղեկավար Գրիգորի Սկվորցովի նախաձեռնությամբ։ Վերջինիս խոսքով նախագիծը մեկնարկել է դեռևս 2014-ին, իսկ աշխատանքներն  ընթացել են հիմնականում Ղազախստանում, Աբխազիայում, Մոսկվայում, Բելառուսում։

«Ըստ Հայրենական պատերազմի արդյունքների,  6 մլն մարդ գերի է ընկել գերմանական համկենտրոնացման ճամբարներում։ Նրանցից մոտ 4  միլիոոնն այնտեղ էլ զոհվել է՝ 1941-1945 թվականներին։ 700 հազար զինծառայող ողջ է մնացել՝ 1945-ին հայտնվելով հարավային Գերմանիայի Ամերիկյան հատվածում։ Նրանք տեղափոխվել են Ամերիկա և այնտեղ էլ բնակություն հաստատել։ Կարմիրբանակայինների մյուս խումբը, մոտ 1 մլն 200 հազար մարդ՝ հայտնվել էր Սովետական հատվածում։

Նրանցից 998 հազարը դատապարտվել են տարբեր տարիների ազատազրկման, հիմնականում քաղաքական պատճառներով։ Նրանց մի մասն, այդ թվում ՀՀ քաղաքացիները այդտեղ էլ զոհվել են։ Նրանց ընտանիքները կարծում են, թե զինվորներն անհետ կորած են, տարիներով փնտրել են նրանց, այնինչ իրականում զոհված են»,- նշում է Գրիգորի Սկվորցովը։

Ըստ ծրագրի ղեկավարի, ՀՀ 711 քաղաքացիների մեծ մասը զոհվել է հենց համակենտրոնացման ճամբարներում և այդտեղ էլ հուղարկավորված է, մյուս մեծ խումբը թաղված է Ռումինիայում։

Ըստ Սկվորցովի, ճամբարներում գերմանացիները հաճախ նույնիսկ չէին գրանցում զինվորներին,  սակայն, իրենք, ճամբարի բնակիչները, հավատում էին, որ մի օր իրենց ազատագրելու են, ուստի ճամբարի ներսում գրանցում էին միմյանց։  Հենց այդ ցուցակների շնորհիվ է հաճախ հնարավոր դարձել պարզել գերիների ճակատագիրը։

«Անվան վերադարձը»-ի ղեկավարի խոսքով զոհվածների ցուցակում ևս 41 զինվոր  կա Լեռնային Ղարաբաղից։ Նախագծի անդամները նախորդ տարվա դեկտեմնբերից փորձում են կապվել Արցախի հանրապետության հետ՝ զոհվածների ճակատագրի մասին փաստաթղթերը հասցեատերերին փոխանցելու նպատակով։ Սակայն Արցախից մինչ օրս ոչ մի նամակի չեն արձագանքել, ինչը շատ զարմանալի է։

Աղբյուր՝ Ա1+