Հայաստանում ժամանակավորապես կապույտ անձնագիր չի տրամադրվում. ինչ այլընտրանք է առաջարկվում

Հայաստանում ժամանակավորապես կապույտ անձնագիր չի տրամադրվում. ինչ այլընտրանք է առաջարկվում

Armtimes.com-ը գրում է․ Արդեն տեւական ժամանակ է, ինչ խնդիրներ են առաջացել Հայաստանում կապույտ անձնագրերի տրամադրման հետ կապված: Քաղաքացիները դիմում են, որ անձնագրի ժամկետն է լրացել, մի դեպքում անձնագիրն են կորցրել, մեկ ուրիշ դեպքում էլ արտերկրից են եկել Հայաստան՝ նոր անձնագիր ստանալու, սակայն պարզվել է՝ անձնագիր տրամադրել չեն կարող:

Քաղաքացիներին անձնագրային բաժիններից պատճառաբանել են՝ Հայաստանում կապույտ անձնագիր չկա: Իսկ թե ե՞րբ կլինի, չեն պարզաբնել:

Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը՝ վանաձորի բնակչուհի տիկին Կարինեն, ասաց՝ անձնագրի ժամկետը լրացել է, դիմել է՝ նոր անձնագիր ստանալու համար, անձնագրային բաժնից պատասխանել են, որ կապույտ անձնագրերի հետ կապված խնդիրներ կան, առաջարկել են դիմել սեպտեմբերի 15-ից հետո:

Տիկնոջ խոսքով՝ անձնագրայինում իրեն ասել են, որ ժամկետը լրանալու դեպքում քաղաքացուն տրամադրվում է միայն նույնականացման քարտ, այն էլ՝ 15-օրյա ժամկետում: Իսկ եթե գործարքներ ունի անելու, առաջարկել են տրամադրել 9-րդ ձեւ փաստաթուղթ, որով հնարավոր է կատարել անհրաժեշտ գործարքները:

Հարցի վերաբերյալ «Հայկական ժամանակը» պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից: Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված կապույտ անձնագրերի բացակայությունը, և ինչպե՞ս է կարգավորվում խնդիրը, անձնագրային եւ վիզաների վարչությունից պատասխանեցին.

«Խնդիրն այն է, որ մեր երկրին անձնագիր մատակարարող ընկերությունը կորոնավիրուսի պատճառով չի կարողանում մեզ տրամադրել անձնագրեր: Այդ իսկ պատճառով ներկա դրությամբ մենք դիմումներ չենք ընդունում: Իսկ թե երբ կլուծվի խնդիրը, հստակ ժամկետներ չենք կարող նշել»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ այլընտրանք է առաջարկվում այն քաղաքացիներին, որոնց կա՛մ անձնագրի ժամկետն է լրացել, կա՛մ էլ արտերկրից են եկել Հայաստան՝ նոր անձնագիր ստանալու համար, ասացին. «Առաջարկվում է նույնականացման քարտ, որը երկրի ներսում անձը հաստատող փաստաթուղթ է՝ բոլոր տեսակի գործարքների համար բավարար: Իսկ եթե կոնկրետ անձնագիր են ցանկանում, առաջարկվում է զանգահարել սեպտեմբերի 15-ից հետո»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում